Քրոնիկ թերսնված երեխաները կարճահասակ են լինում և ոչ խելացի. բժիշկ, փորձագետ
Հայաստանում գործող «Օքսֆամ» կազմակերպության՝ բնակչության սնուցման վերաբերյալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխաների թերսնման հետևանքով մինչև 5 տարեկան երեխաների մահացության դեպքեր չեն հայտնաբերվել, բայց շատ ծանր պատկեր՝ այո: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց կազմակերպության՝ մարզերում իրականացված ծրագրի պատասխանատու, մասնագիտությամբ բժիշկ Սուսաննա Հարությունյանը:
«Ինչ վերաբերում է քրոնիկ թերսնմանը՝ սա բավականին տարածված է եղել Հայաստանում, հիմա մի փոքր պակասել է, բայց, միևնույն է, շատ ունենք »,-ասաց բժշկուհին:
Հիշեցնենք, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում, ասել էր, որ Հայաստանում սովից երեխաներ են մահանում: Բժշկի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ հիվանդանոց են ընդունվում ծայրահեղ հյուծված երեխաներ, որոնց կյանքը փրկել հնարավոր չի լինում: «Ցավոք սրտի, կան շատ ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքներ, որոնց շատ դեպքերում մամուլն էլ է անդրադառնում, նաև բավականին ակտիվ օժանդակություն է ցուցաբերում, բայց կան ընտանիքներ, որոնք այս խողովակներից որևէ մեկից ո՛չ օգտվել են, ո՛չ էլ, կարող է, գիտեն տեղը: Իրենք իրենց յուղի մեջ, կոպիտ ասած, տապակվում են, արդյունքում բերում են ծայրահեղ ծանր, հյուծված երեխա, որին միշտ չէ, որ հնարավոր է լինում փրկել»,-ասել է բկ-ի տնօրենը:
Ըստ Սուսաննա Հարությունյանի՝ գիտականորեն ապացուցված է, որ քրոնիկ թերսնուցված երեխաները կարճահասակ են լինում ու պակաս խելացի: Բնակչության ֆիզիկական և մտավոր զարգացումը, նյութափոխանակության հավասարակշռությունը, իմունային, հորմոնալ, ֆերմենտային և կենսական նշանակություն ունեցող այլ համակարգերում բնականոն գործունեությունը հնարավոր է միայն առողջ սննդամթերքի լիարժեքության և անվտանգության ապահովման պայմաններում:
Նույն զեկույցի համաձայն՝ Հայաստանում 2015-ին մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է` կարճահասակ, իսկ 8 տոկոսը` խիստ թերաճ է` շատ կարճահասակ: Կարճահասակությունն ավելի տարածված է գյուղաբնակ (գյուղ` 22%, քաղաք` 17%), կրթական ցածր մակարդակ ունեցող կանանց (22%) և առավել աղքատ տնային տնտեսությունների (26%) երեխաների մոտ: Թերաճ երեխաների տեսակարար կշիռների էական տարբերություններ կան, ըստ մարզերի տատանվելով` Երևանում 11%-ից, մինչև 37% Սյունիքի մարզում: Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերաճության մասնաբաժինը, թեև քիչ, սակայն տարեցտարի աճել է՝ 2000թ. կազմելով 17%, 2005թ.` 18%, իսկ 2010թ.` 19%: Նույն հետազոտությամբ՝ մինչև 5 տարեկան երեխաների 4%-ի մոտ գրանցվել է թերսնվածություն, շուրջ 2%-ի շրջանում՝ խիստ թերսնվածություն: Թերսնվածության ցուցանիշի տարածվածությունը ցածր է, սակայն այն բավականին բարձր է ցածր կրթական մակարդակ ունեցող մայրերի (14%) մեջ, մինչև վեց ամսական երեխաների շրջանում (12.3%), և առավել աղքատ ընտանիքների (7.8%) երեխաների մոտ:
Ըստ ՀԺԱՀՀ 2010թ. տվյալների՝ Հայաստանում երեխաների թերսնվածության ցուցանիշը բավականին բարձր է մինչև վեց ամսական երեխաների շրջանում (12.3%) և առավել աղքատ ընտանիքների (7.8%) երեխաների մոտ: Մարզերից թերսնվածությունն ամենաբարձրը Արարատի մարզի երեխաների շրջանում է գրանցվել (12%): Վերջին 10 տարվա ընթացքում թերսնվածության ցուցանիշը ևս աճի ակնհայտ միտում է արձանագրել` 2000թ. 2%-ի փոխարեն՝ 2010թ. այն կազմել է 4%:
Ինչ վերաբերում է մյուս տարիքային խմբերին, ապա համաձայն Հայաստանի առողջապահության համակարգի գործունեության գնահատման 2007, 2009 և 2012 թթ. ծրագրի շրջանակում իրականացված ընտրանքային հետազոտության տվյալների՝ 15 տարեկան և բարձր բնակչության շրջանում աճելու միտում են դրսևորել ավելցուկային քաշի տարածվածությունը, որը 2012թ. կազմել է 56,5% և ֆիզիկական թերակտիվության ցուցանիշը՝ 50%:
Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ է նշանակում թերսնված, չե՞ն ուտում, թե ուտում են, օրինակ՝ ցամաք հաց, կարտոֆիլ, ապա փորձագետը բացատրեց. «Ձեր նշածը որակական թերսնվածություն է, այսինքն՝ երեխան կարող է բավարար քանակությամբ կալորիաներ ստանալ, բայց չստանալ, օրինակ, երկաթ, այսինքն՝ կարող է աճել, բայց անեմիա ունենալ, իսկ եթե բոլոր միկրո և մակրո էլեմենտները պակասեն՝ երեխան ցածրահասակ կլինի: Թերսնվածությունն ազդում է նաև գլխուղեղի զարգացման վրա: Այսինքն՝ երեխան նույնքան խելացի չի լինում, ինչքան կլիներ, եթե նորմալ սնվեր: Սա նշանակում է, որ նա դպրոցում, բուհում լավ չի կարող սովորել»:
Երեխաների թերսնուցման մասին հետազոտությունն իրականացվել են քանակական հարցազրույցների միջոցով՝ (ընտրանքային) 1600 տնային տնտեսությունների շրջանում՝ Հայաստանի բոլոր՝ 10 մարզերում և մայրաքաղաք Երևանում: Հարցաթերթը բաղկացած է 3 հիմնական մասերից՝
· տնային տնտեսության վերաբերյալ (սնունդ ձեռք բերելիս ինչի վրա են ուշադրություն դարձնում, ինչպես և որտեղից են սնունդ ձեռք բերում (ճանապարհատնանսպորտային վիճակ, վաճառքի կետերի առկայություն), տարվա որ սեզոնին ինչ սննդամթերք է հասանելի, տնային տնտեսությունում ինչ սննդամթերք է օգտագործվում, տնային տնտեսության բյուջե, ընտանիքի եկամուտներ, ջրի հասանելիություն, հիգիենա, առողջական վիճակ և այլն),
· կոնկրետ անհատի վերաբերյալ (որքան հաճախ է կոնկրետ անձը սնվում տանից դուրս, ինչ սնունդ է հիմնականում օգտագործում, սննդի մեջ աղ ավելացնում է, թե ոչ, առողջական վիճակ, գիտելիքներ և այլն),
· 0-59 ամսական երեխաների վերաբերյալ (ինչ սնունդ են ստանում մինչև 6 ամսական երեխաները, ինչ սնունդ են ստանում 6 ամսականից հետո՝ մինչև 5 տարեկան և այլն):
Հարցվածների 46, 4%-ը նշել է, որ անցած 12 ամսվա ընթացքում եղել են ամիսներ, երբ սնունդը չի բավարարել իրենց ընտանիքին: Առավել հաճախ, ըստ հարցվածների, դա եղել է հունվար ամսին՝ 11.1%, փետրվար ամսին՝ 14.4%, մարտ ամսին՝ 17.0%, ապրիլ ամսին՝ 14.3%, մայիս ամսին՝ 10.5%:
Նշենք, որ հարցվածների գերակշիռ մասը` 70.4%-ը, նշել է, որ իրենց տնտեսությունների միջին ամսական եկամուտը եղել է 200 հազար դրամից ցածր, մասնավորապես, 29,6%-ի մոտ այն շուրջ 100-200 հազար դրամ է կազմել, 27%-ի մոտ` շուրջ 54-100 հազար դրամ և 13,8%-ի մոտ` մինչև 54 հազար դրամ:
Հարցվածների 49%-ը նշել է, որ անցյալ տարվա համեմատ սննդի վրա ծախսվող գումարն աճել է, իսկ 26,1%-ի դեպքում մնացել է անփոփոխ, և դա այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում 39,1%-ի մոտ եկամուտները նվազել են, 45,5%- ի մոտ չեն փոխվել:
«Լինո՞ւմ է այնպես, որ սնունդ գնեք պարտքով» հարցին 17,8%-ը նշել է` գրեթե միշտ, 16,9%-ը` շատ հաճախ, 18,8%-ը` երբեմն, 9,2%-ը` հազվադեպ և միայն 36,6%-ը` երբեք:
Բնութագրելով իրենց տնտեսության իրավիճակը` 27,4%-ը նշել է, որ դրամը չի բավականացնում անգամ սննդի համար, 40,7%-ը` դրամը բավականացնում է միայն սննդի համար, բայց ոչ հագուստի, և միայն 23,6%-ի դեպքում դրամը բավական է սննդի և հագուստի համար, բայց ոչ տևական օգտագործման ապրանքներ գնելու համար:
Հայաստանում օգտագործվող բանջարեղենի և մրգերի հիմնական տեսակների մեծ մասի հասանելիությունը խիստ սեզոնային բնույթ է կրում: Մյուսների պարագայում սեզոնայնությունն ավելի մեղմ է արտահայտված: Այսպես՝ սեզոնին ամենուրեք գրեթե հավասար է հասանելիությունը գյուղական ու քաղաքային, սահմանամերձ և ոչ սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային և հարթավայրային բնակավայրերի ցուցանիշների միջև (այն չի գերազանցել 10%-ը), մինչդեռ ամենացածր հասանելիությամբ սեզոններին (կախված կոնկրետ տեսակից՝ ձմռանը կամ գարնանը) գյուղական, սահմանամերձ և լեռնային, բարձր լեռնային բնակավայրերի ցուցանիշն էականորեն տարբերվում է քաղաքային, ոչ սահմանամերձ և հարթավայրային բնակավայրերի ցուցանշից (գյուղական և քաղաքային բնակավայրերի ցուցանիշների տարբերությունը հասել է գրեթե 70%-ի, լեռնային, բարձր լեռնային և հարթավայրային բնակավայրերի միջև՝ 40%, իսկ սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերի միջև՝ 35%): Մրգերի անհասանելիության ցուցանիշը տատանվում է 1.8%-65.4% միջակայքում (Վիտամին A-ով հարուստ մրգերից. ծիրան՝ 5.4%-65.4%, դեղձ՝ 4.3%-57.8%, սեխ՝ 3.1%- 53.2%, արքայանարինջ՝ խուրմա` 7%-48.2%):
Ինչպես և բանջարեղենի դեպքում, գյուղական, սահմանամերձ և լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում անհասանելիությունն ավելի բարձր է և դա հատկապես սուր է արտահայտվում սեզոնից դուրս ժամանակահատվածում (մինչև 95.3%):
Մրգերից միայն երեքն են, որ գրեթե հավասարապես հասանելի է կլոր տարի՝ խնձոր, բանան, կիտրոն (անհասանելիության ցուցանիշը տատանվում է 0.5%-3.8% միջակայքում): Դրանցից միայն խնձորն է, որ հավասարաչափ հասանելի է՝ անկախ բնակավայրից: Մյուս երկուսի դեպքում գյուղական, սահմանային և լեռնային, բարձր լեռնային տարածքներում անհասանելիությունը հասնում է 11.6%-ի:
Վիտամին A-ով հարուստ բանջարեղեններից միայն գազարն ու որպես համեմունք օգտագործվող կանաչեղենն են հասանելի բնակչության մեծամասնությանը կլոր տարին: Վիտամին A-ի մրգային ծագման աղբյուրներից միայն ծիրանի և դեղձի չրերի հասանելիությունն առանձնապես պայմանավորված չէ սեզոնով:
Հատկապես ոչ սեզոնին ինչպես բանջարեղենի, այնպես էլ մրգերի դեպքում, գյուղական, սահմանամերձ և լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում անհասանելիությունն ավելի բարձր է:
2015 թվականի տվյալներով՝ մսի օգտագործումը Հայաստանում սեզոնային բնույթ չի կրում, սակայն հարցված տնային տնտեսությունների շուրջ մեկ երրորդը (33.2%) կա՛մ սահմանափակում է օգտագործումը, կա՛մ ընդհանրապես չի օգտագործում միս:
Որպես օգտագործման սահմանափակման հիմնական պատճառ նշվում են «բարձր գինն» ու «ցածր վճարունակությունը»:
Զգալի է նաև մսեղենի և ձկնեղենի օգտագործումը սահմանափակող տնային տնտեսությունների թիվը (23.4%-34.1%), ինչը մեծապես պայմանավորված է բարձր գնով և ցածր վճարունակությամբ (42%-53%): Երշիկեղենի պարագայում զգալի է նաև ընդհանրապես չօգտագործողների մասը (15.5%), որոնց մեծամասնությունը (89%), պարզապես չեն ցանկանում երշիկեղեն օգտագործել:
Վիտամին A-ով հարուստ սննդատեսակներից կաթնամթերքն օգտագործվել է տնային տնտեսությունների 91.81%-ի կողմից, մուգ կանաչ տերևավոր բանջարեղենը 77.44%-ի, ձուն 55.81%-ի, Վիտամին A-ով հարուստ բանջարեղեն և պալարները 42.38%-ի, Վիտամին A-ով հարուստ մրգերը՝ 39.19%-ի և կենդանիների միսը՝ 3.38%-ի կողմից:
Երկաթով հարուստ սննդատեսակներից միայն միսն ու մսամթերքն է, որ հասանելի է բնակչության շուրջ 50%-ին: Ձկնեղեն և կենդանիների ներքին օրգանների միսը նշվել են 10%-ից քիչ հարցվողների կողմից:
Հարցվողների 65.9%-ի ընտանիքներում ամենահաճախն օգտագործվում է բուսական յուղը, 33.2%-ում՝ կարագը կամ համած յուղը:










