Ճապոնիան 2017թ. իրեն դիմած մոտ 20.000 փախստականից ընդամենը 20-ին է ընդունել

14:35 • 16.02.18

2017 թվականին ապաստան ստանալու հարցով Ճապոնիայի կառավարությանն է դիմել 19.628 փախստական, որից միայն 20-ն է դրական պատասխան ստացել, գրում է The Guardian-ը՝ նկատելով, որ զարգացածության բարձր մակարդակ ունեցող երկիրը փակում է դուռն իսկական կարիքի մեջ գտնվողների առաջ:

Պարբերականը նշում է, որ ապաստանի համար դիմած փախստականների ընդամենը 0.1%-ին ընդունելու պատճառով Ճապոնիան քննադատվել է մյուս երկրների կողմից:

Հետաքրքրական է, որ 2016թ. Ճապոնիայի կառավարությանն էր դիմել 11.000 մարդ, որից միայն 28-ին է երկրում ապաստանելու իրավունք տրվել:

Նշվում է, որ Ճապոնիայի իշխանությունները խիստ քաղաքականություն են վարում փախստականների նկատմամբ ու հնարավորինս դիմակայում են միգրացիոն հոսքին:

Երկրի վարչապետ Սինձո Աբեն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքն առաջնային է համարում ճապոնացիների բարեկեցության մակարդակի բարձրացումը, այլ ոչ թե սիրիացի փախստականների ընդունումը:

Ոմանք կարծում են, որ իշխանությունները դեմ են միգրացիոն հոսքին, քանի որ մտավախություն ունեն առ այն, որ նորեկները կփոխեն ճապոնական հասարակության էությունը: