Կադիրովը մաղթել է Պուտինին ցմահ ղեկավարել Ռուսաստանը

11:42 • 16.02.18

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը Telegram-ի իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել նախագահ Վլադիմիր Պուտինին իր հանդեպ ցուցաբերած վստահության համար ու մաղթել նրան ցմահ ղեկավարել Ռուսաստանը:

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, Կադիրովի հրապարակումը կապված է իր՝ Չեչնիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու 11-ամյակի հետ:

Կադիրովը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Պուտինին այն ամենի համար, ինչ վերջինս արել է իրենց հանրապետության համար, ու նշել է, որ ինքը բոլոր այս տարիների ընթացքում մշտապես փորձել է արդարացնել նախագահի վստահությունը:
   
«Ցանկանում եմ մեր Նախագահին և Գերագույն գլխավոր հրամանատարին երկար տարիների կյանք, որպեսզի նա ցմահ ղեկավարի երկիրը: Իսկ մենք միշտ հավատարմորեն կծառայենք նրան՝ լուծելով առաջադրված խնդիրներն ամենաբարձր մակարդակով», - գրել է Կադիրովը:
 
Նա նաև նշել է, որ Պուտինի աջակցության շնորհիվ իրենց հաջողվել է Չեչնիայում լիովին արմատախիլ անել ահաբեկչությունը, ինչպես նաև լուծել մի շարք սոցիալական ու տնտեսական խնդիրներ: