ՍԴ հանձնաժողովի անդամի ընտրություններից առաջ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում կներկայացնի (տեսանյութ)

12:46 • 16.02.18

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը, ով ներկայացրել է իր թեկնածությունը Սահմանադրական դատարանում թափուր տեղի ընտրության համար և հրաժարվել հանձնաժողովի նախագահի պաշտոնից, շուտով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում կներկայացնի: 

Tert.am-ի հետ զրույցում Հրայր Թովմասյանն ասաց, որ ՍԴ-ն ու անդամակցությունը որևէ կուսակցությանն անհամատեղելի են: 

Թովմասյանն ասաց, որ ՀՀԿ անդամատոմսից հրաժարվելու դիմում կներկայացնի մինչև ՍԴ անդամի ընտրությունները:

Հարցին՝ ինչո՞ւ որոշեց թողնել պատգամավորական աշխատանքն ու Սահմանադրական դատարանում կրկին աշխատանքի անցնել,  Հ. Թովմասյանը պատասխանեց, որ պատգամավորական աշխատանքը շատ հետաքրքիր է, և ինքը դրանից դժգոհ չէ, պարզապես իրեն արվել է համապատասխան առաջարկ, ու ինքը համաձայնել է:

«Ձեր աչքի առաջ է եղել իմ գործունեությունը, կարծում եմ, որ ես կկարողանամ այնտեղ օգտագործել կուտակված փորձը, իմ գիտելիքները»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե տևական ժամանակ է, ինչ այդ մասին խոսվում է, բայց նա պարբերաբար հերքում էր այդ լուրերը, Հրայր Թովմասյանն ասաց, որ «ինչ-որ փուլից չի տնօրինում կարիերան, պաշտոն զբաղեցնելը, և այնպես չէ, որ ուզում ես դառնալ և դառնում ես, ինչպես բիզնեսում»:

Խոսելով այն մասին, թե որպես ՍԴ հանձնաժողովի անդամ՝ ի՞նչ փոփոխություններ կամ բարեփոխումներ են առաջարկվում իր կողմից, Թովմասյանն այսպես արձագանքեց. «Ես իրավաբանի իմ մասնագիտական գործունեությունը սկսել եմ Սահմանադրական դատարանից, 4-5 տարի աշխատել եմ ՍԴ-ում, ծանոթ եմ Սահմանադրությանը, եղել եմ հանձնաժողովի անդամ և կարծում եմ, որ իմ ունեցած փորձն ու գիտելիքները հնարավորություն կտան արդյունավետ իրականացնել ՍԴ անդամի լիազորությունները: ՍԴ-ն քաղաքական մարմին չէ, որ ռեֆորմներ ցանկանաք, բարեփոխումներ: ՍԴ լիազորությունները հստակ սահմանված են Սահմանադրությամբ»: 

Իսկ այն հարցին, թե Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու հավակնություններ ունի՞, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Բոլոր 9 անդամներն ունեն ՍԴ նախագահ դառնալու հավասար հնարավորություններ ու հավակնություններ»: