Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված տղաներն ուշադրության կարիք ունեն. Ռազմիկ Գասպարյան

20:39 • 17.02.18

Արցախն ազատագրած ու Արցախի պաշտպանությանը մասնակցած  սերունդներն այսօր մեկ հարկի տակ են հավաքվել՝ փորձը փոխանակելու, վերապրածը միմյանց հետ կիսելու համար: Tert.am-ի հետ զրույցում այսկերպ բնութագրեց իրենց միջոցառումը «Դիրքապահ, քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից Ռազմիկ Գասպարյանը, որը թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ այսօր ծառայում է հատուկ նշանակության բրիգադում:

«Հին գվարդիան ծանոթանում է նոր գվարդիայի հետ, կլինի փորձի փոխանակում: Այն ժամանակվա պատերազմը եղել է ավելի երկար ու իրենց փորձն ավելի մեծ է: Վստահ եմ` եթե իրենք շփվեն այսօրվա սերնդի հետ, ապա պատկերացումն այլ կլինի, քանի որ մեր ազգի նվիրյալները պետք է իրար ճանաչեն: Մենք նրա համար ենք ստեղծել մեր կազմակերպությունը, որ մեր արած գործի գլխին կանգնենք, քանի որ մենք ենք պատերազմ տեսել: Պետք է թույլ չտանք, որ մարդիկ, որոնք այս ամենին միայն կողքից են նայել, իրենց PR-անեն, իսկ նման մարդիկ կան»,- ասաց նա:

Միջոցառմանը ներկա էին նաև ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած տղաները: Ռազմիկ Գասպարյանը շեշտեց, թե իրենց ՀԿ-ի նպատակն է լինել հենց այս տղաների կողքին, քանի որ միայն պատերազմ տեսած անձը կհասկանա իրենց իրական ցավը:

«Երբ մարդ սեփական մաշկի վրա զգացել է, գիտի այդ ցավի ու կորստի գինը, կհասկանա: Այն տղան, որ այսօր վիրավոր է, նրա փոխարեն կարող էի լինել նաև ես, ու ինձ հաճելի կլիներ, որ իմ կողքին լինեին: Ես կանգնած եմ մեր վիրավոր տղաների կողքին, իրենք միշտ ուշադրության կարիք ունեն»,- հավելեց Գասպարյանը:

Վերջինս գտնում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված տղաների կողքին առաջին հերթին պետք է կանգնի պետությունը, իսկ այսօր կանգնում են մասամբ, ինչն էլ իրենք ցանկանում են լրացնել:

«Այսօր այս տղաները, բացի  առողջականից, նաև ֆինանսական խնդիրներ ունեն:  20 տարեկան տղան առաջին կարգի հաշմանդություն ունի ու ստանում է 90 հազար դրամ, ինքն իր ամբողջ կյանքում չի կարող ֆիզիկական աշխատանքն անել, բայց 90 հազարով չի կարող ապրել, ընտանիք կազմել, երեխա ունենալ և այլն: Սակայն ֆինանսականից զատ, տղաներն ունեն ուշադրության խնդիր. հիմա վերականգնողական կենտրոն ունենք, որտեղ հանդիպման սրահ կա, բայց այն դատարկ է, այնտեղ գնացող չկա, այդ տղերքին տեսակցող չկա, այն տղերքին, որոնք իրենց առողջությունը փչացրել են յուրաքանչյուր հայի համար»,- ընդգծեց Ռազմիկ Գասպարյանը:

«Դիրքապահ, քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ կազմակերպած միջոցառմանը ներկան էր նաև ՀՀ ԶՈւ գեներալ-գնդապետ, արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս): Նա հպարտությամբ է խոսում նոր սերնդի մասին և ցավով նկատում, որ այսօր երիտասարդ սերնդին թերագնահատում են:

«Մենք ժամանակին կռվել ենք, գործողություններ ենք արել, դրանք լավ  էին, թե վատը, այլ հարց է, բայց այսօր պետությունն ու բանակ ունենք: Երիտասարդ սերունդը ծնվել է ազատ երկրում, դա արտահայտեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Ես մտածում էի, որ իմ փորձով պետք է կիսվեմ, բայց ապրիլը ցույց տվեց, որ այս սերունդը մեզանից առաջ է անցել: Իմ կարծիքով՝ մենք մեր երիտասարդ սերնդին այնքան էլ չենք գնահատում, չենք տալիս այն ինչին արժանին են, բայց ես հիշում եմ, որ իմ երիտասարդ ժամանակ ես ավելի լավ կյանք եմ ունեցել, իսկ այսօրվա ջահելությունը դժվար պահի մեջ է ապրում»,- շեշտեց գեներալ-գնդապետը՝ հավելելով, որ ինքը հպարտանում է հայ երիտասարդներով:

«Դիրքապահ, քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ նախագահ Մանուել Մանուկյան էլ կարևորեց այն հանգամանքը, որ այս միջոցառման միջոցով, որը ժամանցային բնույթի էր՝ երգ, պար, սեղանի շուրջ հանգիստ  շփում, ապրիլյան պատերազմի մասնակցած ու վիրավորված տղաները մի պահ կկտրվեն հիվանդանոցային մթնոլորտից




ՀեղինակԱնի Օհանյան