ՀՀ թափոնների քանակը տարեկան 55.8 մլն տոննա է, բայց հանքատերերը ավելի շատ հանքաքար են վերամշակում, քան ցույց են տալիս. Հ. Սանասարյան

13:06 • 17.02.18

Օրենսդրության առումով ամենաանկառավարելի վիճակը թափոնների ոլորտում է, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:

«Եթե դուք նայեք թափոնների մասին օրենքը, դրանում գրված է, որ հանքարդյունաբերության թափոնները կարգավորվում են մեկ այլ օրենքով: Բայց երբ փնտրեք, որևէ տեղ չեք գտնի թափոնների մասին որևէ ակնարկ»,- նշեց նա:

2017 թ. պաշտոնական վիճակագրական տվյալները դեռևս չկան, բայց 2016 թ.-ի ցուցանիշով ՀՀ թափոնների քանակը 55.8 մլն տոննա է: Կենցաղային թափոնները նույնպես սրա մեջ են մտնում, որոնք կազմում են ընդամենը մոտ 2 մլն խմ, մնացածը հանքարդյունաբերության թափոններն են:

«Մետաղական հանքավայրերի թափոնները իրենց մեջ պարունակում բազմապիսի ծանր մետաղներ, ռադիոակտիվ տարրեր և կյանքի համար վտանգավոր այլ բաներ: Առաջին հերթին դրանք ազդում են բուսական աշխարհի վրա՝ առանձին դեպքերում ոչնչացնելով մինչև 80-85 տոկոս բուսականությունը: Կենդանական աշխարհի մասով, դա կլինի մարդը, թե մնացած կենդանիները, բոլոր հիվանդությունները՝ սկսած քաղցկեղից, սրտանոթային հիվանդություններից, վերջացրած ողնաշարի ծռմռվածությունից, առաջանում են հենց թափոնների հետևանքով»,- հայտնեց Հակոբ Սանասարյանը:

2017 հուլիսին վարչապետի հանձնարարականով ստեղծվել էր հանձնաժողով, որը կուսումնասիրեր, թե հանքաարդյունաբերության թափոնները ինչ վնաս են հասցնում հողին, ջրին և անտառներին: Հետագայում, «Հայաստանի Կանաչների միության» նախագահի խոսքով՝ անհասկանալի պայմաններում վարչապետը լուծարեց այդ հանձնաժողովը: 

«Պետք է ոլորտը լավ ուսումնասիրվի, որովհետև հանքատերերը ավելի շատ հանքաքար են վերամշակում, քան ցույց են տալիս: 2013 թ.-ին մի խմբով մենք եղանք Քաջարանում: Այդ օրերին հանքը շահագործողները հայտարարում էին, որ իրենք ձգտում են դեպի 12.5 մլն տոննա մեկ տարվա ընթացքում: Բայց տարբեր արտադրություններում մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ դրանք օրական մշակում են 80-81 հազար տոննա հանքաքար: Երբ բազմապատկենք օրերի քանակով, տարեկան ստացվում է 30-31 մլն տոննա»,- նշեց նա:

Հակոբ Սանասարյանի տեղեկացմամբ՝ թափոնների առումով այսօր ամենածանրաբեռնված մարզերը Սյունիքը և Գեղարքունիքն են: Ըստ նրա՝ մեկ բնակչի հաշվով Գեղարքունիքի մարզում ընկնում է 126.6 տոննա կոշտ թափոն, իսկ Սյունիքի մարզում՝ 184.5 տոննա: Պատկերացում կազմելու համար նշենք, որ Երևանում յուրաքանչյուր բնակչի հաշվով ընկնում է 0.015 տոննա:

Ինչ վերաբերում է պոչամբարներին, Հ. Սանասարյանը հայտնեց, որ մոտ 30-32 խոշոր, և 15 փոքր պոչամբարներ են շահագործվում: Նրա խոսքով՝ ամենավտանգավոր Արծվանիքի պոչամբարն է, երկրորդ պոտենցիալ վտանգավոր ամենավտանգավորը Թեղուտի պոչամբարն է: