Մեքսիկայում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. մոտ 1 մլն տուն հոսանքազրկվել է

09:54 • 17.02.18

Մեքսիկայի հարավային Օախակա նահանգում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը՝ մանրամասնելով, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պինոտեխա դե Դոն Լուիս բնակավայրից 37 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 24.7 կմ խորության վրա:

Նահանգային իշխանությունները տեղեկացրել են, որ թեև գրանցվել են լուրջ ավերածություններ, սակայն զոհեր չկան:

Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է նաև հարևան շրջաններում: Մասնավորապես՝ Մեխիկոյում հազարավոր բնակիչներ փողոց են դուրս եկել:

Աղբյուրը հավելում է, որ երկրաշարժից հետո ցունամիի վտանգ չի առաջացել:

Հայտնի է նաև, որ երկրի հարավում 998.000 տուն հոսանքազրկվել է: