Մշակույթի ոլորտում ներդրումների առումով ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. Արմեն Ամիրյան
Միայն անցած տարի մշակույթի ոլորտում 2,800,000 հազարից ավելի դոլարային ներդրումներ են եղել` տարբեր նախագծերում` և՛ ժառանգության ոլորտում, և՛ ժամանակակից արվեստի, և՛ նոր թանգարանների ստեղծման ոլորտներում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով հարցին, թե հաշվի առնելով կառավարության ներդրումների ներգրավման քաղաքականությունը մշակութային ոլորտում որքան են կազմել ներդրումները:
«Ես կարծում եմ, որ դա ռեկորդային ցուցանիշ է, քանի որ նախորդ տարիներին նման բան չի եղել`այդ ծավալի և չափերի»,- ասաց նա:
Արմեն Ամիրյանը հայտնեց, որ մշակույթի ոլորտում ընդհանուր աճը եղել է 31,3 տոկոս նաև ներդրումների հաշվին, քանի որ ներդրումները աշխուժացրել են ոլորտը:
«Բայց ունենք ոլորտներ, որտեղ 40 տոկոս և ավելի աճ ենք ունեցել, մասնավորապես թանգարանների ոլորտը: Եթե առանձին դիտարկելու լինենք Ազգային օպերային թատրոնը 51 տոկոսի աճ է արձանագրել, և տարբեր ՊՈԱԿ-ներ՝ ավելի բարձր տոկոսներ: Պարզապես ընդհանրացրած առումով 31,3 տոկոսի աճ ենք արձանագրել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով է այդ աճը պայմանավորված, մարդիկ սկսել են ավելի շատ մշակութային կյանքով ապրել, թե նախարարության աշխատանքներն են նպաստում դրան, նախարարը պատասխանեց.«Մենք վարում ենք ճիշտ քաղաքականություն մշակույթի դաշտում և այս քաղաքականությունը բերելու է տևական և կայուն աճի տեմպեր ապահովելուն»:
Արմեն Ամիրյանը նաև նշեց, որ ամենաշատ ներդրումներն արվել են հիմնականում հուշարձանների ոլորտում: «Այս տարի ևս մենք ունենք հուշարձանների ոլորտում երկու կարևորագույն կետ` Ամբերդը և Լոռի բերդը, որոնք զբոսաշրջության զարգացման առումով շատ հետաքրքիր և կարևորագույն կետեր են: Այս ներդրումը բերելու է որոշակի եկամտաբերություն և այդ շահույթը պետք է օգտագործել հուշարձանների ամրակայման, նորոգման ծրագրի վրա»,-ասաց նա:










