Իրանում կործանված ինքնաթիռում եղել է 66 մարդ, նրանք բոլորը զոհվել են (թարմացվում է)

11:56 • 18.02.18

14.25

Ինքնաթիռների տեղաշարժին հետևող Flightradar24 պորտալի տվյալների համաձայն՝ օդանավը վերջին ազդանշանն ուղարկել է տեղական ժամանակով ժամը 08:55-ին: Այդ ժամանակ ինքնաթիռը գտնվել է մոտ 5 կիլոմետր բարձրության վրա: Կործանված ինքնաթիռն շահագործվել է 24 տարի:


13.47


ISNA գործակալության տվյալների համաձայն՝ հունվարի 25-ին տեխնիկական անսարքության պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայան և վթարային վայրէջք կատարել: Դրանից հետո անսարքությունը վերացվել է, և ինքնաթիռը շարունակել է չվերթներ իրականացնել:


13.40

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վթարի հետևանքով զոհվածների հարազատները եկել են Յասուջի օդանավակայան: Նշվում է, որ զոհվածների թվում մեկ երեխա կա: Վերջին տվյալների համաձայն՝ ինքնաթիռն անհետացել է ռադարներից՝ օդանավակայանից մեկնելուց 50 րոպե անց:


13.08

Ինչպես նշում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Aseman Airlines ավիաընկերությանը, երկու օդանավակայանների միջև հեռավորությունը 556 կիլոմետր է, իսկ չվերթի ընդհանուր տևողությունը՝ մոտ մեկուկես ժամ:

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կործանված ինքնաթիռի հրամանատարին 2013 թվականին հաջողվել է վայրէջք իրականացնել, երբ օդանավի շարժիչի աշխատանքը խափանվել է:

 
12.44

Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին իր Twitter-ի է էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,– ասվում է նրա գրառման մեջ։


12.39


Իրանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Ալաեդդին Բորուջերդին նշել է, որ ինքնաթիռում եղել է 66 մարդ: Ինչպես նշում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Aseman Airlines ավիաընկերությանը, ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են:



12.33

Tasnim-ի տվյալներով՝ ինքնաթիռի բեկորները դեռ չեն հայտնաբերվել: Եղանակային անբարենպաստ պայմանները դեռ խոչընդոտում են որոնողափրկարարական աշխատանքները:


12.17


Ըստ Mirror–ի՝ ինքնաթիռն անհետացել է ռադարներից օդանավակայանից մեկնելուց 20 րոպե անց: Դեպքի վայր են ուղարկվել փրկարարաների թիմեր՝ ենթադրյալ ողջ մնացածներին փրկելու համար:

Խիտ մառախուղը խոչընդոտում է փրկարարների աշխատանքը: Շտապօգնության ավտոմեքենաներին չի հաջողվել հասնել լեռնային վայր, և փրկարարներն ուղարկվել են ուղղաթիռով:

Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը բախվել է Դենա լեռնաշղթայի լեռներից մեկին:


12.14

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն այս պահին փորձում է ճշտել՝ արդյոք Իրանում այսօր կործանված ուղևորատար ինքնաթիռում ազգությամբ հայեր կան, թե՝ ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:Նրա խոսքով՝ այս պահին դեռևս որևէ տեղեկություն չկա:


12.06

Ըստ Daily Sabah–ի՝ ինքնաթիռն անհետացել է ռադարներից և կործանվել Սպահան նահանգի Սեմիրոմ քաղաքի մոտակայքում:

Tasnim գործակալության տվյալների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 60-100 մարդ:

Ըստ BBC գործակալության՝ եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռը չի կարողացել հասնել վթարի վայր։

 
–––––––––––––––––––––––––––––––


Իրանում մոտ 60 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Aseman Airlines ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվում էր Թեհրանից Յասուջ քաղաք:

Իրանի արտակարգ ծառայությունների հաղորդմամբ՝ ինքնաթիռը կործանվել է Սպահան նահանգի մոտակայքում` լեռնային հատվածում:

Tasnim գործակալությունը նշում է, որ մի քանի մարդ կարող էր ողջ մնալ:

Press TV հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ մի քանի ականատես տեսել է՝ ինչպես է ինքնաթիռը փորձել վթարային վայրէջք կատարել ֆերմաների մոտակայքում:

Daily Sabahի նախնական տվյալներով՝ Aseman Airlines ավիաընկերության ATR 72 ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: