Ընթերցողների բացարձակ թիվը ցույց է տալիս, որ մենք շատ խորը անդունդում ենք, բայց արագ բարձրանում ենք. Արմեն Մարտիրոսյան

15:24 • 19.02.18

2015 թվականին յուրաքանչյուր անուն գրքից միջինում գնվում էր 40 գիրք, այսինք գիրք կարդում էր հիսուն հազար մարդուց մեկը, 2016 թվականին այդ թիվն աճեց 20 տոկոս, և ստացվեց 40 հազար մարդուց մեկն էր կարդում, իսկ 2017 թվականին այդ թիվը հասավ 74-ի, գրեթե երկու անգամ բարձրացավ և ստացվեց, որ 25 հազար մարդուց մեկն է կարդում գիրք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Անտարես»  մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով գիրք նվիրելու օրվան, որը նշվում է այսօր` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը:

Նա նշեց, որ սա «Անտարեսի» գրքերի վիճակագրությունն է և ցույց է տալիս աճի արագության տեմպերը: «Բացարձակ թվերն ասում են, որ մենք շատ խորը անդունդում ենք և արագ բարձրանում ենք»-ասաց նա:

Անդրադառնալով ֆեյսբուքյան լայքահավաքին, որի միջոցով մարդիկ գիրք էին նվեր ստանում Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Շատերը կշտամբում են, ասելով՝ ինչո՞ւ եք մարդկանց ստիպում «լայք մուրալ»: Բայց այդ լայք մուրալը նշանակում է, որ դու գիրքը ցույց ես տալիս քո 700 ընկերներին և ասում ես, որ իրենք տեսնեն, թե դա ինչ գիրք է և լայքեն, այսինքն 700 ընկերոջ ծանոթացնում ես գրքի հետ: Այսինքն` մարդը, ում ասում են մուրող, լուսավորիչ է, և իր օրինակով ցույց տվեց այդ գրքի բովանդակության պահանջարկը: Սա ռեալ լուսավորչական, դաստիարակչական աշխատանք է, ով անում է մեկը, ում անվանում են մուրող: Ես երջանիկ եմ, որ ես լայքամուրացկան եմ, քանի որ ես կարողացել եմ 800 անուն գրքեր մոտավորապես 200 հազար մարդու խնդրել, որ ուշադրություն դարձնեն»,-ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը նշեց նաև, որ դպրոցներում յոթ տարի առաջ մեկնարկել է վեցերորդ դասարանցիների շրջանում դպրոցական ընթերցանության օլիմպիադան, որը կազմակերպել է «Անտարես»-ը, Dasaran.am-ի հետ համատեղ: «Մենք հասկանում էինք, որ գնալով մեր ընթերցողները պակասում են և եթե մենք չցանենք, ուղղակի չենք կարող քաղել, քանի որ պետությունը սերմ չի ցանում ընթերցող աշակերտի համար»,-ասաց նա:

Նա պատմեց, որ տարվա վերջում ուսումնասիրել են այն դասարանների աշակերտների գրքերը, որտեղ անց է կացվել օլիմպիադան և որտեղ անց չի կացվել: «Օրինակ «Ա» դասարանի աշակերտների գրքերը, որտեղ անցկացվել է օլիմպիադան, բոլորը մաշված գրքեր են և ոչ մի ճղճղված գիրք չկար, իսկ «Բ» դասարանում կան բացարձակ նոր գրքեր և ճղճղված գրքեր: Այսինքն՝ օլիմպիադան գրքի նկատմամբ վերաբերմունք տվել է»-ասաց նա և նշեց, որ բացի այդ գրադարանավարները հայտնել են, որ «Ա» դասարանի աշակերտները ավելի շատ են օգտվել գրադարանից, քան Բ դասարանի, այսինքն՝ գրականության նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է:

Նա նշեց, որ օլիմպիադայում հաղթող աշակերտը նվեր է ստանում ԱՊՊԱ՝ ծնողի ավտոմեքենայի համար, գիրք,  իսկ հանրապետական օլիմպիադայի հաղթողը ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իր ծնողին տանում է Փարիզ: «Աշխարհում ո՞ր վեցերորդ դասարանցի երեխան կարող է իր ծնողին տանել Փարիզ, ընթերցող աշակերտը, սա շատ լուրջ ու առողջ սերմ է»,-ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այսօր մեկնարկել է օլիմպիադայի յոթերորդ տարին: «Սա, ցավոք, միակ միջոցառումն է, որ յոթ տարի շարունակ կազմակերպվում է  ընթերցանության մակարդակը բարձրացնելու նպատակով, պետությունը ուրիշ ոչ մի դրամ չի ծախսում այդ նպատակով»,-ասաց նա:

Նա հիշեցրեց, որ գիրք նվիրելու օրվա գաղափարը պատկանում է ազգային գրադարանի նախկին տնօրենին Դավիթ Սարգսյանին, որը կարողացավ հանրահռչակել  գրողներին միության նախկին նախագահ Լևոն Անանյանը:

Ընթերցողների բացարձակ թիվը ցույց է տալիս, որ մենք շատ խորը անդունդում ենք, բայց արագ բարձրանում ենք. Արմեն Մարտիրոսյան