Խնդրում եմ արդար փաստերը դնել, հետևել, հետո վճիռ կայացնել. վերաքննիչում Սամվել Բաբայանն ու մյուսները պահանջում են բեկանել վճիռը և արդարացնել իրենց

14:38 • 26.02.18

Վերաքննիչ դատարանում շարունակվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի գործով ևս երկուսի՝ Արմեն Պողոսյանի և Սանասար Գաբրիելյանի վերաքննիչ բողոքների քննությունը։

Մեղադրանքը պաշտպանում է դատախազ Արամ Արամյանը։

Այսօրվա դատական նիստին Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանն ասաց, որ Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորված չէ: «Ամբողջությամբ պնդում եմ իմ վերաքննիչ բողոքը, և խնդրում եմ դատարանին Սամվել Բաբայանի նկատմամբ երկու դրվագով էլ արդարացման դատական ակտ կայացնել»:

Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև ամբաստանյալ Սամվել Բաբայանը, ով նախ դատավորին հարցրեց, թե երբ խոսում են, դա օգուտ տալի՞ս է, թե՞ ոչ:

«Կամ տալիս է, կամ չի տալիս»,-պատասխանեց դատավորը, ինչի ի պատասխան Սամվել Բաբայանն ասաց, որ լավ չէ, որ փաստերով են խոսում և դա կարող է օգուտ չտալ:

«Եթե ենթադրություններով ենք առաջնորդվում, դա վատ է, մենք օրենքը տրորում ենք, թքում ենք: Դուք խոստացաք, որ մենք ամեն մի հարցի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունք ենք ունենալու, իհարկե, պետական մեղադրողը(նկատի ունի մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին,-խմբ) դրան դեմ է, որովհետև իրեն ձեռք չի տալիս, ձեզ էլ հորդորում է, որ ոչ թե գործը պետք է վարույթ ընդունեիք, այլ հետ ուղարկեիք, ձեր տեղն էլ է որոշում: Իմ մոտ տպավորություն է ստեղծվել, որ պետական մեղադրողը որ հարցին դեմ է, ուրեմն պետք է ընդունել իր կարծիքը»,-ասաց Սամվել Բաբայանը:

Դատարանն ընդհատեց նրան և ասաց, որ  մինչ այս պահը չի եղել որևէ միջնորդություն, որ դատարանը քննության չառնի և լուծում չտա.«Երևի ձեր միջնորդությունների 90 տոկոսը բավարարվել է»,-ասաց դատավորը:

Սամվել Բաբայանն  ասաց, որ ինքը մեղավոր չէ, դատարանին ներկայացված ձայնագրությունը կոնտեքստից կտրված է.«Երկու տեղ գրել են՝ չի լսվում, ինչ անեի՝ գոռայի, որ լավ գաղտնալսեին: Ես մեղավո՞ր եմ, որ ձայնագրողները չեն կարողացել նորմալ ձայնագրել: Կես ժամ խոսել եմ Սանասար Գաբրիելյանի հետ, երկու րոպե են լսել ու տվել,կոնտեքստից կտրել են, և փորձում են դրանով հաստատել իրենց մեղադրանքը:

Ես ուզում եմ, խնդրում եմ, հորդորում եմ, որ որոշում կայացնելու համար այդ ձայնագրությունը Դուք ձեզ համար լսեք»:

Բացի այդ, Բաբայանը նշեց, որ նոր փաստական հանգամանք է ի հայտ եկել և Վրաստանի իրավապահների կողմից կալանավորված, այնուհետև Հայաստան տեղափոխված Ռոբերտ Աղվանյանն ասել է, որ «Իգլա»-ն Վրաստանից չի բերել, խաբել էր, որ թանկ վաճառի, իսկ Սամվել Բաբայանին չի ճանաչում:
 
«Նա ասաց, որ պարոն Բաբայանը ոչինչ չի արել, պարզ ասեց, որ ինքն է  որոշել, որ վաճառի, և մոտ 25000 դոլարով, թե պետական մեղադրողը որտեղի՞ց է վերցրել այդ 50000-ը իրենք կասեն: Ես ձեզանից խնդրում եմ արդար փաստերը դնել, հետևել, հետո վճիռ կայացնել, ինչ վերաբերում է դրան, որ պետական մեղադրողն առաջին ատյանը համարում է  հիմնավոր, դա արդեն իրենց խնդիրն է»,-ասաց Բաբայանը:

Արմեն Պողոսյանը և նրա պաշտպանը ևս դատարանին խնդրեցին արդարացման դատական  ակտ կայացնել:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նախ խնդրեց նստած խոսել, հայտնելով, որ ճնշումը բարձր է. « 170 է, կարող եք չափել, լուրջ եմ ասում»:

Ամբաստանյալը հիշեցրեց, որ երկու անգամ դատարանի կողմից նախազգուշացվել է այն բանի համար, որ լուրջ չի վերաբերում դատական նիստին.«Հիմա բացատրեմ, թե ինչու լուրջ չեմ վերաբերվում կամ ուրախանում եմ: Իսկ ինչո՞ւ չուրախանամ: Բոլորս գիտենք, որ բառերի միացումից դառնում է նախադասություն, նախադասություններն էլ,  որ կցում ես իրար, դառնում է Գյուլնազ  տատու մի լավ հեքիաթ: Էս ինչո՞ւ են  սարքում, թող պարզ կանգնեն, ասեն, որ Էջմիածին շտաբ բացելու համար դու մեղադրվում ես չգիտեմ որ օրենքով:  Սիրտս վատ է, դուրս գամ, կարելի՞ է դուրս գալ»:

Դատարանը նախ նկատեց՝ շոու մի սարքեք, իսկ հետո 30 րոպեով ընդմիջեց նիստը ու հրավիրվեց շտապօգնություն:

Հիշեցնենք, որ դատապարտյալ Սամվել Բաբայանը առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով:

Նա պահանջում է արդարացնել իրեն՝ արդարացման դատական ակտ կայացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Դատապարտյալ Սանասար Գաբրիելյանը, ով մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և դատապարտվել 3 տարի ազատազրկման, պահանջում է իրեն անպարտ ճանաչել:

2 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Պողոսյանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռն ու կայացնել արդարացման որոշում:

Նշենք, որ գործով անցնում էին ևս չորս ամբաստանյալ: Առաջին ատյանի դատարանը Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու համար: Նրանց պատիժը պայմանականորեն չի կիրառվի: