«Մարտի մեկի» 10 զոհերի ընտանիքներից 4-ը Հայաստանից հեռացել են, որոնցից 2-ը՝ մշտական. «Մարտի մեկ» ՀԿ-ի փոխնախագահ

22:42 • 26.02.18

«Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ «Մարտի մեկ» ՀԿ-ի փոխնախագահ Սարգիս Քլոյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ 10 զոհերի ընտանիքներից 4-ը Հայաստանից հեռացել են, որոնցից 2-ը՝ մշտական:

Ըստ նրա՝ դեռ 2008թ-ից Հայաստանից մշտական հեռացել են զոհերի երկու ընտանիքները, որոնք «Մարտի մեկ» ՀԿ-ի հետ որևէ կապ չեն ունեցել և տեղյակ էլ չեն, թե նրանք որտեղ են գնացել:

«Նրանք 2008թ-ից հեռացել են, և իրենց չենք էլ հանդիպել ի սկզբանե: Հայաստանից Եվրոպա են գնացել նաև Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհանիսյանը, բայց ամուսինը գնում, գալիս է, ԱԺ-ում հրավիրված լսումներին էլ մասնակցում էր: Բացի դրանից, զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրն է տեղափոխվել ՌԴ, տղան այնտեղ է, բայց գնում, գալիս է, իսկ  մնացածն այստեղ են»,- ասաց նա:

Սարգիս Քլոյանը, խոսելով «Ելք» խմբակցության կողմից պատրաստվող նախագծի մասին, որով նախատեսվում է արժանապատիվ փոխհատուցում զոհերի հարազատներին, նշեց, թե  հստակ չի կարող նշել, թե ըստ իրեն՝ որքան գումարի մասին կարող է լինել խոսքը:

«Արժանավայել փոխհատուցում տալ պարտավոր են, և ոչ թե հիմա պետք է անեին, այլ շատ ավելի շուտ, եթե արժանավայել փոխհատուցում կտան, ոչնչով չի խանգարի»,- ասաց նա:

Իսկ թե նախագծի շուրջ իրենց հետ խորհրդակցում են, թե ինչպես են հաշվարկելու, պատասխանեց, թե ոչ մի բանից տեղյակ չեն:

«Դեռ պետք է մշակվի, մտնի հանձնաժողով, լիագումար նիստ, ոչ մի բան չգիտենք. գիտենք, որ նման նախաձեռնություն է կազմակերպվել և վերջ»,- ասաց Քլոյանը:

Ի դեպ, Քլոյանը նշեց, որ ՄԻԵԴ-ում «Մարտի 1-ի» գործերը լրիվ ավարտվել են, հարցուպատասխաններն ավարտվել են, և սպասում են դատավճռին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե օրենսդրական փաթեթը դեռևս նախնական քննարկման փուլում է, և մշակման աշխատանքները դեռևս չեն սկսվել՝ասելու համար, թե ինչքան են նախատեսում՝ արժանապատիվ գումար ասելով:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաև ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին:

Նշենք, որ  2008-ի մարտի 1-ի տասը զոհերն են Տիգրան Խաչատրյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գոռ Քլոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Սամվել Հարությունյանը, Տիգրան Աբգարյանը (զինծառայող), Գրիգոր Գևորգյանը, Համլետ Թադևոսյանը (ոստիկանության ծառայող):