«Մենք չենք կարող հասկանալ, էլ չասած՝ արդարացնել այս դիրքորոշումը». «Վալենբերգ» հիմնադրամը դատապարտել է Իսրայելին Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար

14:17 • 26.02.18

Հոլոքոստի տարիներին հրեաներին փրկելու դեպքերի վերաբերյալ հետազոտական աշխատանք իրականացնող Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամը «խորը հիասթափություն» է հայտնել այս ամիս Քնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի մերժման կապակցությամբ, հայտնում է Jerusalem Post-ը:


Հիմնադրամի կողմից Քնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնին ուղարկված նամակում նշվում է, որ Էդելշտեյնը 2015 թվականին կոչ է արել կառավարությանը փոխել իր դիրքորոշումը, և 2016 թվականին Քնեսետի կրթական հարցերով հանձնաժողովը ճանաչել է ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, պետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ուղղությամբ նախաձեռնությունները հաջողություն չեն ունեցել:


«Ցավոք, այս քվեարկությունը կրկնվում է վերջին տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ՝ որպես մշտական մի ծես»,- ասված է նամակում, որը ստորագրել են հիմնադրամի նախագահ Էդուարդո Էռնեկյանը և հիմնադիր Բարուխ Թենեմբաումը:


«Ամենայն հարգանքով, բայց մենք չենք կարող հասկանալ, էլ չասած՝ արդարացնել այս դիրքորոշումը: Իսրայելը Հոլոքոստի ժամանակ աննկարագրելի տառապանքներ կրած հրեա ժողովրդի ազգային տունն է: Դրանից քսանհինգ տարի առաջ հայ ժողովուրդը մեկ այլ աննկարագրելի ողբերգություն է տարել, որը, շատերի կարծիքով, աշխարհի կողմից լռության պայմաններում խրախուսել է նացիստներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրենց վայրագություններն իրականացնել հրեաների նկատմամբ»,- ասված է նամակում:


Հիմնադրամը կարծում է, որ աշխարհի բոլոր պետությունների մեջ հրեական պետությունը պետք է ունենա «ազնվություն և հոգևոր մեծահոգություն՝ ճանաչելու համար հայ ժողովրդի սարսափելի ողբերգությունը»: «Ցավոք, Իսրայելի կառավարությունը և Քնեսետը բազմիցս կորցրել են իրենց հնարավորությունը: Ոչ մի քաղաքական իրականություն չի կարող ողջամիտ արդարացում լինել դրա համար»,- ասվում է նամակում:


Էռնեկյանը և Թենեմբաումը հիշատակել են հրեաների և հայերի միջև «խորը կապերը»:


Կազմակերպությունը նշել է, որ 24 հայ է արժանացել Հոլոքոստի ժամանակ հրեաներին փրկելու և դրանով իրենց կյանքը վտանգելու համար «Աշխարհի արդարակյացներ» պատվավոր կոչմանը, որը մեծ թիվ է՝ Հայաստանի բնակչության թվի համեմատ:


«Պարոն Էդելշտեյն, մենք գիտենք, որ Դուք անձնապես աջակցում եք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես և ձեզ այդ պաշտոնում նախորդած, այժմ նախագահ Ռեուվեն Ռիվլինը: Մենք վստահ ենք, որ Քնեսետը գովասանքի կարժանանար ամբողջ աշխարհում բարոյական խիզախ դիրքորոշում ստանձնելու համար՝ անկախ ցանկացած կարճաժամկետ քաղաքական նկատառումներից: Մենք ցավում ենք, որ դա դեռ տեղի չի ունեցել»,- նամակը եզրափակում են հեղինակները:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի Քնեսետը քվեարկություն է անցկացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի շուրջ, որն առաջադրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Քվեարկության արդյունքում 41 դեմ, 28 կողմ ձայնով օրինագիծը մերժվել է:


Երկրի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին նշել է, որ խորհրդարանական պատվիրակություն է ուղարկել Երևան՝ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին, սակայն պաշտոնական դիրքորոշում չի ներկայացնի՝ պայմանավորված «դրա բարդությամբ և քաղաքական հետևանքներով»։