ՌԴ գերագույն դատարանը մերժել է Սոբչակի՝ Պուտինի գրանցման վերաբերյալ բողոքը

15:09 • 26.02.18

ՌԴ գերագույն դատարանն օրինական է ճանաչել նախագահի թեկնածու, հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակի բողոքի մերժումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սոբչակն ավելի վաղ դիմել էր գործող նախագահ Վլադիմիր Պուտինի գրանցումը որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու չեղարկելու հարցով:


Ավելի վաղ դատարանը մերժել է նրա վարչական հայցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ, որը որոշում է կայացրել Պուտինին գրանցելու մասին: Սոբչակը բողոքարկել է որոշումը:


«Դատարանը վճռել է՝ բողոքը բավարարելու մերժման մասին որոշումը թողնել առանց փոփոխության, բողոքարկումն՝ առանց բավարարման»,- ասված է դատարանի որոշման մեջ:


Այժմ այդ որոշումն ուժի մեջ է մտել:


Սոբչակը փորձել էր վիճարկել Պուտինի առաջադրումը չորրորդ նախագահական ժամկետի: «Մի պաշտոնի մի մարդու այդքան երկար գտնվելը սխալ է»,- հայտարարել էր նա դատարանում: Նախագահի կին թեկնածուի խոսքով՝ Ռուսաստանում իշխանությունը պետք է սահմանափակվի ժամկետով և պետք է փոփոխվի: