Նոր մանրամասներ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի վերաբերյալ. հարուցվել է քրեական գործ

13:32 • 27.02.18

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 27-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ավտոճանապարհի երթևեկելի մասից, վթարի է ենթարկվել, որի հետևանքով նույն ավտոմեքենայի ուղևոր Ջ.Գևորգյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և  ևս երկու ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Ողևորներից մեկը՝ Ս.Ֆիդանյանը, գիտակցության չգալով, ստացած մարմնական վնասվածներից մահացել է բժշկական կենտրոնում: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` վթարի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: