Պեկինում տագնապի դեղին մակարդակ է հայտարարվել սմոգի պատճառով

10:42 • 27.02.18

Պեկինի իշխանությունները տագնապի դեղին մակարդակ են հայտարարել Չինաստանի մայրաքաղաքում՝ օդի որակի վատթարացման պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պեկինի շրջակա միջավայրի պահպանության հարցերով բյուրոյին:


Փետրվարի 27-ի առավոտվա դրությամբ՝ մեկ խորանարդ մետրի վրա PM2.5 վնասակար մասնիկների մակարդակը հասել է 262 միկրոգրամի: Պաշտոնատար անձինք հայտնում են, որ աղտոտվածության մակարդակի բարձրացումը հաստատվել է դեռ երկուշաբթի երեկոյան: Չինաստանի իշխանությունները կարծում են, որ դա կապված է օդի ջերմաստիճանի բարձրացման հետ:


PM2.5 մասնիկները վտանգավոր են առողջության համար, դրանք մառախուղ են ստեղծում և կարող են հայտնվել մարդկանց թոքերում, ինչը կարող է առաջացնել շնչահեղձության նոպաներ: Այդ մասնիկների առնչությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած անվտանգ մակարդակը կազմում է մեկ խորանարդ մետրի համար 25 միկրոգրամ:


Շրջակա միջավայրի պահպանության հարցերով բյուրոյի պաշտոնյաները խորհուրդ են տվել կրճատել դրսում գտնվելու ժամանակը: