ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է ՌԴ-ի դեմ «առաջիկա 30 օրում» նոր պատժամիջոցներ սահմանելու մասին
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կոնկրետ ժամկետներ է նշել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման համար: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալության թղթակիցը Twitter-ում:
Նախարարը համապատասխան հայտարարությունն արել է Լոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիայի համալսարանում ելույթի ժամանակ:
«Կարող եք սպասել, որ առաջիկա 30 օրում կսահմանվեն պատժամիջոցները: Մենք կիրառում ենք բոլոր գոյություն ունեցող պատժամիջոցները և նորերն ենք սահմանում»,- ասել է Մնուչինը:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ իր գերատեսչությունն աշխատում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուղղությամբ: Նա նշել էր, որ իր գերատեսչությունը սերտորեն համագործակցում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործի շրջանակում:










