Հրվ. Կորեայի նախկին նախագահին 30 տարվա ազատազրկում և 110 մլն դոլարի տուգանք է սպառնում կոռուպցիայի համար

15:09 • 27.02.18

Հարավային Կորեայի դատախազությունը 30 տարվա ազատազրկում է պահանջել երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի համար, որը նախորդ տարվա սկզբին պաշտոնանկ էր արվել կոռուպցիոն սկանդալի շրջանակում:

Ինչպես նշում է english.yonhapnews.co.kr կայքը, բացի այդ, դատախազությունը դիմել է Սեուլի կենտրոնական շրջանային դատարան՝ պահանջելով նախկին ղեկավարին տուգանել 110.4 մլն դոլարով:

Ակնկալվում է, որ դատարանն իր վճիռը կկայացնի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին:

Աղբյուրը մանրամասնում է, որ 66-ամյա Պակը պաշտոնանկ էր արվել 2017թ. ապրիլին`սահմանադրական դատարանի որոշմամբ: Նրա դեմ ներկայացվել է 18 մեղադրանք՝ այդ թվում նաև կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման ու պետական գաղտնիքների տարածման վերաբերյալ:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նախկին նախագահն իր մտերիմ ընկերուհու միջոցով խոշոր կոնգլոմերատներից, որոնց շարքում է նաև Samsung-ը, ստացել է միլիարդավոր դոլարներ:

Բացի այդ, նա թույլ է տվել ընկերուհուն միջամտել պետական գործերին: Հայտնի է, որ նախկին նախագահի հանցակիցը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: