Սուրբ Հարության տաճարը փակելու քայլը ցույց է տալիս Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո չհանդարտվող կրքերը. WSJ
Իսրայելի իշխանությունների հետ վեճի պատճառով Երուսաղեմի ամենակարևոր սրբատեղիներից մեկը՝ Սուրբ Հարության տաճարը փակելու վերաբերյալ քրիստոնեական համայնքների առաջնորդների որոշումը ցույց է տալիս քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման շուրջ առկա լարվածությունը, գրում է The Wall Street Journal-ի հոդվածագիր Ռորի Ջոնսը:
Հոգևոր առաջնորդներն այս արտառոց քայլին են դիմել կիրակի՝ բողոքելով իրենց սեփականությունների համար պետական հարկեր գանձելու մասին որոշման և Իսրայելի խորհրդարանում ներկայացված օրինագծի դեմ, որով նախատեսվում է թույլ տալ իշխանություններին օտարել եկեղեցիների կողմից վաճառված հողերը:
Ինչպես գրում է հոդվածագիրը, մեծ մասամբ պաղեստինյան քրիստոնյա համայնքի և Իսրայելի իշխանությունների միջև վեճը Երուսաղեմում ինքնիշխանության համար պայքարի վերջին պոռթկումն է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո:
Պաղեստինցի պաշտոնյաները, որոնք ցանկանում են, որ Երուսաղեմի արևելյան հատվածը, որտեղ գտնվում է Սուրբ Հարության տաճարը, լինի ապագա Պաղեստինյան պետության մայրաքաղաքը, խորապես վրդովվել են դեկտեմբերին կայացված որոշումից: Միջազգային համայնքը և կրոնական առաջնորդները, այդ թվում՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, նույնպես քննադատել են Սպիտակ տան այս քայլը՝ պնդելով, որ այն խոչընդոտում է իսրայելա-պաղեստինյան բանակցություններին:
Պաղեստինի ազատագրման կազմակերպության առաջատար անդամներից մեկը՝ Հանան Աշրավին, եկեղեցիներին պատկանող գույքի համար հարկեր հավաքելու և հողերի վերաբերյալ նոր օրենք սահմանելու փորձերն անվանել է Իսրայելի կողմից Երուսաղեմի և նրա սրբատեղիների նկատմամբ «հրեական վերահսկողությունը» պահպանելու նոր փորձ:
«Այս եկեղեցիները գոյություն են ունեցել Իսրայել պետության ստեղծումից դեռ շատ առաջ»,- ասել է Աշրավին:
«Սուրբ հողում քրիստոնյաների դեմ այս համակարգված և աննախադեպ հարձակումը խստորեն խախտում է ամենահիմնարար ինքնիշխան իրավունքները»,- ասված է համատեղ հայտարարությունում, որը տարածել են Հույն ուղղափառ, Հայ առաքելական և Հռոմեական կաթոլիկ եկեղեցիները, որոնք կիսում են սրբատեղիի պատկանելության իրավունքը:
Հոդվածագիր Ռորի Ջոնսը գրում է, որ հարկերի և սեփականության իրավունքի շուրջ այս վեճն Իսրայելի իշխանությունների և երկրում դարերի պատմություն ունեցող քրիստոնեական եկեղեցիների միջև երկարատև պայքարի շարունակությունն է: Նա հավելում է, որ Վատիկանն ու Իսրայելը 1999 թվականից ի վեր բանակցություններ են անցկացնում Իսրայելում Կաթոլիկ եկեղեցու հարկային կարգավիճակի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ:










