Երուսաղեմի քաղաքապետարանն արձագանքել է Հայ առաքելական, Հույն ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների բողոքին, սակայն Սուրբ Հարության տաճարի դռները փակ կմնան

14:50 • 27.02.18

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը ղեկավարող Հայ առաքելական, Կաթոլիկ և Հույն ուղղափառ քրիստոնեական եկեղեցիները, որ կիրակի օրվանից փակել էին եկեղեցու դռները՝ ի նշան իշխանությունների որոշումների դեմ բողոքի, չնայած Երուսաղեմի քաղաքապետի հավաստիացումներին, չեն դադարեցրել բողոքը, և այսօր հոգևոր պետերը հավաքվելու են «հույների մոտ»՝ քննարկելու իրենց հետագա քայլերը:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, ով երեկ հայտարարել էր, որ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները փակ են պահելու այնքան ժամանակ, մինչև հարկային և հողային հարցերին վերաբերող 2 որոշումները չեղարկվեն:

«Երուսաղեմի քաղաքապետարանից արձագանքը հետևյալն էր՝ քաղաքապետը հայտարարությամբ էր հանդես եկել, որ այս օրենքը տարածվելու է եկեղեցապատկան շահութաբեր կալվածքների վրա, ոչ թե եկեղեցիների, վանքերի վրա։ Բայց եկեղեցիներն իրենց շահութաբեր կալվածքների համար հարկերը վճարում են, և հստակ է, որ այս օրենքը տարածվում է եկեղեցիների, վանքերի վրա։ Փաստորեն, մենք այդ իսկ պատճառով շարունակում ենք մեր բողոքի գործողությունները»,- Tert.am-ին մանրամասնեց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

Հարցին, թե արդյո՞ք չընդառաջելու դեպքում բողոքը կարող է շարունակվել և ներառել գլխավոր քրիստոնեական տոնը՝ Հարության տոնը, և այդ օրը տաճարի դռները փակ մնան, նա պատասխանեց. «Մեր պահանջն է, որ չեղարկվի այդ որոշումը, և Քնեսեթը հետ կանչի այդ շրջանառվող օրինագիծը։ Մեր բողոքի գործողությունը կշարունակվի մինչև հիշյալ երկու օրենքները չեղարկվեն»։

Հիշեցնեք, որ բողոքի պատճառներից առաջինը քաղաքապետարանի որոշումն է, որով եկեղեցիներին և վանքերին հրահանգվել է հարկ վճարել, այն դեպքում, երբ տարիներ շարունակ Իսրայելի քրիստոնեական համայնքներն ու եկեղեցիներն ազատված են եղել հարկերից։ Իսկ երկրորդ խնդիրը Իսրայելի խորհրդարանում քննարկվող նախագիծն է, որը թույլ կտա բռնագրավել Երուսաղեմում եկեղեցիների կողմից վերջին տարիներին անշարժ գույքի ընկերություններին վաճառված հողը:

Երեկ չէ առաջին օրը նախատեսված էր օրինագիծը քննարկել Քնեսեթի հանձնաժողովի մակարդակով, սակայն քննարկումը հետաձգվել է մեկ շաբաթով:

Նշենք, որ այսօր Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվել է պատարագ, սակայն առանց ուխտավորների և հավատացյալների:

Նշենք, որ երեք կրոնների քաղաքում Իսրայելի իշխանությունների հետ վեճի պատճառով Երուսաղեմի ամենակարևոր սրբատեղիներից մեկը՝ Սուրբ Հարության տաճարը փակելու վերաբերյալ քրիստոնեական համայնքների առաջնորդների որոշումը հայտնվել է միջազգային լրահոսում։ The Wall Street Journal-ի հոդվածագիր Ռորի Ջոնսը սա դիտարկել էր միանգամայն այլ՝ արտաքին քաղաքական լույսի ներքո, որ այն ցույց է տալիս քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման շուրջ առկա լարվածությունը: Նաև այն կոչվել էր պատմական՝ երեք եկեղեցիների միավորված գործողությունների առումով:

Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի խոսքով՝ պատմական է այն առումով, որ բողոքի գործողությունը, որը իրավունքների ոտնահարման պատճառով է, ունի քաղաքական նպատակ, և իրականում տաճարի դռները փակելն է պատմական, ոչ թե երեք եկեղեցիների միավորված գործողությունները, քանի որ պատմության ընթացքում 3 իրավատեր համայնքները միասնական գործողություներ կատարել են:

«Եկեղեցու դուռը փակելն է պատմական՝ քաղաքական նպատակներով»,-ընդգծեց դիվանապետը:

Հարցին, թե շա՞տ մեծ է նախատեսվող նյութական բեռը, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նշեց՝ տարեկան մոտ 700 հազար դոլար, բայց հարցը գումարը չէ, հարցն այն է, որ 3 իրավատեր համայնքները դարեր շարունակ հարկերից ազատված են եղել:

Հիշեցնենք, որ Պաղեստինի ազատագրման կազմակերպության առաջատար անդամներից մեկը՝ Հանան Աշրավին, եկեղեցիներին պատկանող գույքի համար հարկեր հավաքելու և հողերի վերաբերյալ նոր օրենք սահմանելու փորձերն անվանել է Իսրայելի կողմից Երուսաղեմի և նրա սրբատեղիների նկատմամբ «հրեական վերահսկողությունը» պահպանելու նոր փորձ: