Չեխիայի դատարանն ազատ է արձակել քրդական PYD-ի առաջնորդին, որի արտահանձնումն է պահանջում Թուրքիան
Չեխիայի դատարանն ազատ է արձակել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների քաղաքական թևի՝ PYD-ի ղեկավար Սալիհ Մուսլիմին, որն օրերս ձերբակալվել էր երկրում՝ Ինտերպոլի միջոցով իր հանդեպ սկսված միջազգային հետախուզման հիման վրա:
Ինչպես հաղորդում է թուրքական diken.com.tr կայքը, Մուսլիմը դատարանի դահլիճ է բերվել չեխական ոստիկանության հատուկջոկատայինների ուղեկցությամբ՝ ձեռնաշղթաներով: Քուրդ գործիչը, սակայն, 40 րոպե տևած դատական նիստի ընթացքում դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:
Չեխիայում Թուրքիայի դեսպան Ահմեդ Նեջադի Բիգալըն, մեկնաբանելով դատարանի նման որոշումը, խոստովանել է, որ դա իրենց համար շատ անսպասելի վճիռ էր և կարող է իր հետևանքը թողնել չեխ-թուրքական հարաբերությունների վրա:
«Մենք չէինք սպասում նման բան: Թուրքիայում բազմաթիվ ահաբեկչական հարձակումների կազմակերպիչը հանդիսացող Սալիհ Մուսլիմի՝ այսպես ազատ արձակվելուն մեծ տխրությամբ հետևեցինք: Այս որոշումը դեմ է հանցագործների արտահանձնման մասին եվրոպական համաձայնագրին», - ասել է թուրք դեսպանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հույս էր հայտնել, որ Չեխիան հնարավորինս շուտ կարտահանձնի PYD ղեկավարին:










