Ռուսաստանում երկու ընտանիք հայտնաբերել է, որ իրենց երեխաներին 40 տարի առաջ շփոթել են ծննդատանը
Ռուսաստանի Պերմի երկրամասի ծննդատներից մեկում 1978 թվականին լույս աշխարհ եկած աղջիկների մայրերը պատրաստվում են դատարան դիմել. նրանք պարզել են, որ ծննդատանն իրենց երեխաներին շփոթել են: Այս մասին «РИА Новости»-ին պատմել է փաստաբան Իգոր Սավվինը:
Նշվում է, որ աղջիկները ծնվել են մարտի յոթին: Այդ օրը ծննդաբերել է չորս կին, այդ թվում՝ Ռիմա Շվեցովան և Յուլյա Սավելևան:
Գործակալության հաղորդմամբ՝ Շվեցովան անմիջապես կասկածել է, որ ինքը դաստիարակում է ուրիշի երեխային: Այս կասկածների պատճառով կինն անընդհատ վեճեր է ունեցել իր ամուսնու հետ, ինչի հետևանքով նրանք ամուսնալուծվել են:
Սավելևների ընտանիքում ուշադրություն չեն դարձրել դստեր «այլ լինելուն». Յուլյան սկսել է մտածել այս թեմայի շուրջ միայն այն ժամանակ, երբ Ռիման կիսվել է իր ենթադրություններով:
Փաստաբանը հավելել է, որ ԴՆԹ թեստը հաստատել է Շվեցովայի կասկածները:
«Բարոյական վնասը ներառում է բարոյական տառապանքների հասկացությունը, որոնք բոլորի մոտ անհատական են: Այս պատմության մեջ հիվանդանոցում թույլ տրված մի սխալի հետևանքով վնասը տարբեր ձևով է անդրադարձել բոլորի վրա, ահա թե ինչու մենք չորս հայց ենք պատրաստում», - ասել է Սավվինը:
Աղբյուրը մանրամասնում է, որ գործում մեղադրյալներ կլինեն Պերմի երկրամասի առողջապահության նախարարությունը, ՌԴ առողջապահության նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը, երկրամասի կառավարությունը և տեղական հիվանդանոցը:










