Դավթաշենի կամրջի տակ դստեր հետ հայտնաբերված մոր նկատմամբ նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն

15:21 • 27.02.18

Փետրվարի 15-ին Դավթաշենի կամրջից դստեր հետ ինքնասպանություն գործած մոր նկատմամբ նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա հայտնեց, որ  նշանակված փորձաքննության շրջանակներում փորձագետներին հարցեր են առաջադրվել՝ պարզելու դեպքին նախորդած ժամանակահատվածում մոր հոգեբանական վիճակը. «Նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն, որով կպարզվի, թե արդյոք Գ.Հ.-ի հոգեբանական վիճակը կարո՞ղ էր նրան դրդել ինքնասպանության, թե ոչ»:

Նշենք, որ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված Գ. Հ.-ի և նրա 9-ամյա դստեր մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն և 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը: