Սիրիան դատապարտել է ԱՄՆ վարչակազմի՝ Երուսաղեմում դեսպանատուն բացելու մտադրությունը
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ վարչակազմի՝ Երուսաղեմում նոր դեսպանատուն բացելու ծրագրի հաստատումը: Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:
Ըստ Սիրիայի ԱԳՆ-ի՝ ԱՄՆ-ի նման քայլն ապացուցում է արաբ ժողովրդի ու նրա զգացմունքների նկատմամբ ունեցած թշնամանքն ու արհամարհանքը:
Հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ ԱՄՆ-ի այս քայլը ծառայում է տարածաշրջանում «ագրեսիվ սիոնիստական նախագծին», ինչպես նաև խախտում է ՄԱԿ-ի բանաձևերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունն ուրբաթ հաստատել է ամերիկյան վարչակազմի՝ մայիսին Երուսաղեմում նոր դեսպանատուն բացելու ծրագրերը:
Թել Ավիվից ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք:










