«Ես ներս կվազեի, նույնիսկ եթե զենք չունենայի». Թրամփը՝ Ֆլորիդայի դպրոցում արյունալի հարձակման մասին (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է փետրվարի 14-ին Ֆլորիդայի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած արյունալի հրաձգությանը, որի հետևանքով զոհվել է 17 մարդ:
Ինչպես նշում է The Guardian-ը, 71-ամյա ղեկավարն իր խոսքում քննադատել է շերիֆի օգնականներին, որոնք հրաձգության ժամանակ դպրոցի շենքի մոտ են եղել, սակայն չեն համարձակվել ներս մտնել՝ չնայած, որ զինված են եղել:
«Նրանց պահվածքն ուղղակի զզվելի էր: Անկեղծ ասած, եթե ես լինեի նրանց փոխարեն, ապա ներս կվազեի, նույնիսկ եթե զենք չունենայի: Եվ կարծում եմ, որ այդպես կվարվեին այս սենյակում գտնվող մյուս մարդիկ նույնպես»,-ասել է Թրամփը:
Նախագահը ևս մեկ անգամ կրկնել է իր առաջարկը, համաձայն որի՝ դպրոցի ուսուցիչները պետք է զինված լինեն, որպեսզի ապագայում հնարավոր լինի խուսափել նման ողբերգություններից:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին 19-ամյա Նիկոլաս դե Խեսուս Կրուզը, որն աուտիզմով հիվանդ է ու հոգեկան շեղումներ ունի, ինքնաձիգով ներխուժել էր դպրոց ու հրաձգություն սկսել:










