Ուֆայից Երևան ուղիղ չվերթներ կգործարկվեն
«Արմավիա» ազգային ավիափոխադրողի սնանկության պատճառով երկարատև դադարից հետո Ուֆայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթներ կսկսվեն, որոնք կիրականացնի «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերությունը: Այդ մասին հայտնում է UfacityNews.ru-ն:
Լրատվամիջոցի տվյալներով՝ ավիափոխադրողը նախօրեին սկսել է Երևան ուղղությամբ տոմսերի վաճառքը:
Ուֆայից Հայաստանի մայրաքաղաք չվերթներն իրականացվելու են շաբաթ օրերին՝ սկսած հունիսի 9-ից, ԱՆ-148 օդանավով:
Ուֆայի միջազգային օդանավակայանից թռիչքը կայանալու է տեղական ժամանակով ժամը 22:45-ին, ժամանումը «Զվարթնոց»-ի օդանավակայան՝ կիրակի ժամը 01:05-ին: Չվերթի տևողությունը կազմելու է 3 ժամ 20 րոպե: Երևանից Ուֆա չվերթներն իրականացվելու են կիրակի օրերին՝ մեկնումը երևանյան ժամանակով 17:50-ին, Ուֆա ժամանումը՝ տեղական ժամանակով ժամը 22:05-ին:










