Դիլիջանում ցայտաղբյուրից ցեխաջուր է հոսել. պատճառը մաքրման կայանների հնամաշ լինելն է, իսկ նոր կայանների կառուցում առայժմ նախատեսված չէ
Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում՝ ավտոկայանի մոտակայքում գտնվող ցայտաղբյուրից մաքուր ջրի փոխարեն ցեխաջուր է հոսել, ինչը ֆիքսել էր քաղաքի բնակիչ Արտաշես Հովսեփյանը և տեսանյութը տեղադրել Facebook սոցիալական ցանցում՝ իր անհանգստությունը հայտնելով:
Tert.am-ի հետ զրույցում Արտաշես Հովսեփյանն ասաց, որ դա տևել է մի քանի րոպե, այնուհետև ջուրը մաքրվել է:
«Առավոտյան ժամերն էին, նկատեցի, միանգամից ֆիքսեցի: Երևի 4-5 րոպե այդ ձևով ցեխաջուրը եկել է, հիմա նորմալ գալիս է: Պարբերաբար չի լինում, սա առաջին դեպքն էր: Ես չեմ կարող ասել, թե ինչից էր, որ ցեխաջուր էր գալիս, համենայնդեպս պետք է չգա, բայց փորձել ենք բարձրաձայնել, տեսնենք՝ ինչ լուծում կարող են տալ»,-ասաց նա:
Դիլիջանի քաղաքացին նշեց, որ սոցիալական ցանցում հոլովակը տեղադրելուց հետո այն արդեն հայտնվել է նաև ջրամատակարարման պատասխանատու «Վեոլիա Ջուր» ընկերության էջում, և, ըստ էության, ահազանգը հասել է իրենց:
Tert.am-ի հետ զրույցում «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանն ասաց, որ ընկերությունում խնդրի առնչությամբ ահազանգ ստացել են և համապատասխան միջամտությամբ խնդիրը շտկվել է:
Հարցին, թե որն է եղել ցայտաղբյուրից ցեխաջուր հոսելու պատճառը, Մուրադ Սարգսյանն ասաց, որ ոչ մի վնասված խողովակ չկա, և պատճառն ավելի խորքային է:
Նրա խոսքով՝ Հայաստանում կան մի քանի բնակավայրեր, այդ թվում՝ Դիլիջանը, որտեղ ջուրը վերցվում է ոչ թե լեռնային աղբյուրներից, այլ գետերից, և ջուրը խմելու աստիճանի հասցնելու համար այն հարկավոր է մաքրել։ Իսկ մաքրման կայանները, տվյալ դեպքում՝ Դիլիջանի, կառուցված են տասնամյակներ առաջ, հնամաշ են և ունեն վերակառուցման կամ փոխարինման կարիք:
«Դուք գիտեք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը գործում է 1 տարի՝ 2017 թվականի հունվարի մեկից, ու ամբողջ տարի ուսումնասիրել ենք այն համակարգը, որ մենք ժառանգություն ենք ստացել, գույքագրել ենք առկա խնդիրները, դրանց լուծումները: Այնտեղ խնդիրը հետևյալն է՝ նախ ջրի մաքրման տեխնոլոգիան է հնացած, երկրորդը ՝դրանք փոքր հզորություն ունեն, և եթե լեռներում ինչ- ինչ պատճառներով սկսում են անձրևներ գալ, կամ գարնանը ձնհալի ժամանակ ջուրը պղտորվում է, մինչև վերջ մաքրել և ամեն պահ մաքրել հնարավոր չի լինում։ Լինում են նաև ցավալի դեպքեր, արտակարգ պատահարներ, երբ ջրի ինչ-որ քանակ գնում է դեպի բաշխիչ ցանց: Այս դեպքում մենք հնարավորինս արագ դադարեցնում ենք դրանց աշխատանքը՝ ժամանակավորապես, մինչև այդ հեղեղն անցնի»,-ասաց նա՝ հավելելով, որ նույն միջամտությունը արվել է Դիլիջանում, և խնդիրն այս պահին լուծված է:
Մուրադ Սարգսյանի խոսքով՝ մեծածավալ կայանների վերակառուցումը կամ նորերի կառուցումը «Վեոլիա Ջուր» ընկերության պարտավորությունների շրջանակում չէ:
Ընկերությունը զբաղվում է դրանց շահագործմամբ:
«Մենք շահագործում ենք, որքան կարող ենք, բայց խնդիրն այնքան բարդ է, որ պետք է վերանորոգել: Հայաստանին պետք են ջրի մաքրման նոր կայաններ, որ խնդիրը արմատապես լուծվի: Այն գումարը, որը պարտավորվել ենք ներդնել այս տարիների ընթացքում, նախատեսված է հիմնականում մեզ հանձնված բաշխիչ ցանցի վերանորոգման, շահագործման համար, իսկ կապիտալ ներդրումները՝ մասնավորապես տվյալ պարագայում խոսք է գնում արդեն մի քանի ջրի կայանների կառուցման մասին, պետք է անի հայաստանյան իշխանությունը։ Դա էլ, որքան գիտեմ, աշխատանք տարվում է»,-ասաց նա:
Ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղյակ են Դիլիջանում խմելու ջրի խնդրի մասին, բայց մաքրման կայանների վերակառուցման կամ նոր կայանների շինարարության ծրագիր այս պահի դրությամբ նախատեսված չէ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
Նա նույնպես նշեց հանգամանքը, որ այդ տարածքում ջրընդունիչ կառուցվածքները բավականին հին են և մաշված, չնայած Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախորդ տարիներին որոշակիորեն վերակառուցել է դրանք:
«Շուրջ 15 տարի առաջ վերակառուցվել է ջրընդունիչ կայանը, 4 տարի առաջ՝ մաքրման կայանը: Բնականաբար, խնդիրներ կան, և ՋՏՊԿ-ն տեղյակ է դրանց, սակայն կա նաև կայանների շահագործման խնդիր: Ինչ վերաբերում է կայանների վերակառուցմանը կամ նոր մաքրման կայանի շինարարությանը, ապա պետք է նշել, որ այս պահի դրությամբ Դիլիջանում նման ծրագիր նախատեսված չէ, քանի որ խոսքը բավականին մեծ գումարի մասին է»,-ասաց նա:










