Քաղաքապետարանը տեղեկություն չի տրամադրում «Ազգ-բանակի» պաստառները սոցգովազդ ճանաչելու և ծնված երեխաների թվի վերաբերյալ, դիմել ենք դատարան. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով Երևանի քաղաքապետարանից տրամադրել պատշաճ տեղեկություն հասարակական կազմակերպության երկու հարցումների վերաբերյալ:
Tert.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ կարգով չի պատասխանել հարցումներին:
«Երևանի քաղաքապետարանից պահանջել էինք տրամադրել տեղեկություններ Երևանում «Ազգ-բանակի» պաստառները փակցնելու վերաբերյալ: Հարցրել էինք, թե ինչպես է դա ճանաչվել որպես սոցիալական գովազդ, որովհետև սոցիալական գովազդ ճանաչվելու ընթացակարգ կա: Պարզվեց, որ այդ ընթացակարգը խախտվել է, բայց դրա մասին տեղեկատվությունը քաղաքապետարանը մեզ այդպես էլ չտրամադրեց՝ փորձելով կոծկել իրենց խախտման ծավալը, ինչի դեմ մենք հայց ներկայացրեցինք Վարչական դատարան»,- ասաց Իոաննիսյանը:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցմանը, Դանիել Իոննիսյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը յուրաքանչյուր օր տեղեկություն է հրապարակում այդ օրը Երևանում ծնված երեխաների քանակի վերաբերյալ, սակայն երբեմն այդ տվյալները չեն համընկնում:
«Քաղաքապետարանը «Ֆեյսբուքի» իրենց էջում պարբերաբար տեղեկություններ է հրապարակում յուրաքանչյուր օրվա ընթացքում ծնված տղաների և աղջիկների թվի վերաբերյալ: Երբեմն իրենք նույն օրվա մասին երկու իրարամերժ թվեր են հրապարակում: Հարցումով խնդրել էինք վիճակագրությունը, որպեսզի համեմատեինք պաշտոնական վիճակագրության հետ»,- ասաց Իոաննիսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը հարցմանն ի պատասխան հայտնել է, որ իրենք այդ տեղեկատվությանը չեն տիրապետում.«Ծիծաղելի է, հրապարակում են, բայց ասում են՝ չենք տիրապետում»:










