Կսահմանվի տուգանքների որոշման այլ մոտեցում. ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նախագիծը
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը:
Նշենք, որ նախագծերով սահմանվում է տուգանքների որոշման այլ մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաև վարչական պատասխանատվություն է նախատեսվում պետական մարմինների և տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար:
Հստակեցվում և լրացվում են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության դրսևորումները, սահմանվում են համաձայնությունները հակամրցակցային չհամարելու հստակ հիմքեր և չափանիշներ, հակամրցակցային համաձայնություններ կնքած անձանց պատասխանատվությունից ազատման և տուգանքի չափի նվազեցման գործուն մեխանիզմներ:
Նախագծերով սահմանվում են մի շարք հասկացություններ, այդ թվում` «խտրական պայմաններ», «մրցակցության սահմանափակման հատկանիշներ», «տնտեսական գործունեության համակարգում», «ուղղակի և անուղղակի վերահսկողություն», «չհիմնավորված բարձր և ցածր գին» հասկացությունները, հստակեցվում է անձանց խումբ հասկացությունը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ նախագծերի ընդունմամբ էականորեն կմեծանա տնտեսական մրցակցության օրենսդրության պաշտպանության նկատմամբ վերահսկողության, բարեխիղճ և ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման և նախազգուշացման ոլորտներում Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը: Ինչպես նաև օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը:










