Ժամանակն է, որ Քրդստանը պատասխանի Բաղդադին. Բարզանի
Ժամանակն է, որ Քրդստանն արժանի պատասխան տա Իրաքի խորհրդարանին՝ պահանջելով իր իրավունքները։ Այդ մասին հայտարարել է Իրաքյան Քրդստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանին, գրում է diken.com.tr կայքը:
Բարզանիի նման հայտարարության պատճառ են դարձել Իրաքի խորհրդարանի կողմից 2018 թվականի համար հաստատված պետական բյուջեից Իրաքյան Քրդստանի հետ կապված ծախսերի համար առանձնացված համեմատաբար քիչ գումարները:
Ըստ Բարզանիի՝ Բաղդադը շարունակում է գիտակցաբար ու նպատակաուղղված կերպով խտրական վերաբերմունք դրսևորել Քրդստանի նկատմամբ:
«Այլևս եկել է ժամանակը, որ Իրաքյան Քրդստանում գործող բոլոր քաղաքական ուժերը միավորվեն ու անհրաժեշտ պատասխանը տան Իրաքի խորհդարանին: Կոչ եմ անում պատասխանատու կողմերին դրա համար վայրկյան առաջ կայացնել անհրաժեշտ որոշումներ», - ասել է Բարզանին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել էր հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել էին, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև՝ ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:










