«Գազպրոմ»-ը «Նավթոգազ»-ին ծանուցում է ուղարկել դատարանում պայմանագրերը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ուկրաինական «Նավթոգազ» ընկերությանը պաշտոնական ծանուցում է ուղարկել Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտում գազի մատակարարման և տարանցման մասին պայմանագրերը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը, հայտնում է ТАСС-ը:
Ավելի վաղ՝ մարտի 3-ին, «Գազպրոմ»-ի վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել էր ուկրաինական «Նավթոգազ» ընկերության հետ գազի մատակարարման և տարանցման մասին պայմանագրերի դադարեցման գործընթաց սկսելու մասին:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է «Գազպրոմ»-ին ուկրաինական կողմին 4.6 միլիարդ դոլար վճարել տարանցման մասին պայմանագրով գազի ոչ բավականաչափ ծավալներ մատակարարելու համար:
Հաշվի առնելով մեկ այլ վեճի վերաբերյալ որոշումը, որի համաձայն՝ «Նավթոգազ»-ը ռուսական ընկերությանը երկու միլիարդ դոլար է պարտք՝ «Գազպրոմ»-ը պետք է ուկրաինական կողմին վճարի 2.56 միլիարդ դոլար: «Գազպրոմ»-ն ուրբաթ հայտարարել է, որ կսկսի պայմանագրերը դադարեցնելու գործընթաց Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի կայացրած անարդարացի որոշման պատճառով:
Մարտի 2-ին «Նավթոգազ»-ը հայտարարել է, որ «Գազպրոմ»-ը հրաժարվել է մարտ ամսվա համար Ուկրաինային գազ մատակարարել և 20 տոկոսով նվազեցրել է համակարգի իր հատվածում գազամուղների ճնշումը: Ուկրաինայում գազի սպառման ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել:










