Հայտնի են դարձել Իտալիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

11:20 • 05.03.18

Իտալիայում կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի աջ կենտրոնամետ կոալիցիան առաջին տեղն է զբաղեցնում՝ առանց բացարձակ մեծամասնության: Ստացած ձայների թվով կոալիցիային հետևում է եվրոսկեպտիկ «5 աստղի շարժում» կուսակցությունը, հայտնում է politico.eu-ն։


Նշվում է, որ կոալիցիան հավաքում է մոտ 37 տոկոս ձայն խորհրդարանի երկու պալատների ընտրություններում, իսկ հակակառավարական «5 աստղի շարժումը»՝ մոտ 30 տոկոս, ինչը խոշոր հաղթանակ է նշանակում կուսակցության համար, որի ուղերձն ուղղված էր երկրի իշխանությունների քաղաքականությունից դժգոհ քաղաքացիներին:


Ընդ որում, նախնական արդյունքներով, աջ կենտրոնամետ կոալիցիայի մեջ մտնող «Լիգա» կուսակցությունն անսպասելիորեն առաջ է անցնում Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունից:


Միևնույն ժամանակ, նախկին վարչապետ Մատեո Ռենցիի գլխավորած իշխող ձախ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունը հայտնվել է երրորդ տեղում:


Հաղորդվում է, որ նման արդյունքներով կառավարության ձևավորումը կարող է երկարատև բանակցություններ պահանջել: