Քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկից հետո Իտալիայում առաջատարն աջ կենտրոնամետ կուսակցությունների կոալիցիան է
Իտալիայի աջ կենտրոնամետ կուսակցությունների կոալիցիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը խորհրդարանի երկու պալատների ընտրություններում: Այդ մասին հայտարարել է երկրի ՆԳՆ-ն՝ քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում «Լիգա», «Առաջ, Իտալիա» և «Իտալիայի եղբայրներ» կուսակցություններից բաղկացած աջ կենտրոնամետ կոալիցիան ստացել է 37 տոկոս ձայն: Սենատում աջ կենտրոնամետները ստացել են 37,5 տոկոս ձայն:
«5 աստղերի շարժումն» ընտրություններում առաջատար դիրք է զբաղեցնում որպես առանձին քաղաքական ուժ՝ ստորին պալատում և սենատում հավաքելով, համապատասխանաբար, 32,5 և 32,1 տոկոս ձայն:
Երրորդ տեղում է ձախ կենտրոնամետ կոալիցիան և այնտեղ առաջատար Դեմոկրատական կուսակցությունը: Այդ ուժերի դաշինքը խորհրդարանի վերին և ստորին պալատներում հավաքում է 22,9 և 23 տոկոս ձայն՝ համապատասխանաբար:










