Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության համար «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարի ազատազրկման
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների նստավայրի դատարանում դատավոր Վարդան Աբրահամյանի գլխավորությամբ հրապարակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով ամբաստանյալ «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանի դատավճիռը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը. «Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման: Իմ պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքն այդպես էլ չի ընդունել»:
Հարցին, թե փոխհատուցման մասով դատարանի հայցը բավարարե՞լ է թե ոչ, Մարինե Ֆարմանյանն ասաց, որ դատարանը բավարարել է միայն 2 մլն դրամ փոխհատուցման մասը, իսկ հայցի մյուս մասը թողել է առանց քննության:
Ինչ վերաբերում է դատավճիռը բողոքարկելուն, Մարինե Ֆարմանյանն ասաց, որ այդ հարցը դեռ որոշված չէ:
Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանը հասարակության լայն շրջանակներին առավել հայտնի է որպես էքստրասենս, խիրոմանտ։ Նրա դին հայտնաբերվել էր 2015թ. օգոստոսի 5-ին՝ իր բնակարանի ննջասենյակում, հատակին բերանքսիվայր ընկած, սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մ. Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանությունը շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև` զուգորդված շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով:
Մուշեղ Մխիթարյանը մեղավոր ճանաչվեց իրեն վերագրված արարքում:










