ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը

11:28 • 05.03.18

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը: 

Հիմական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե օրենքի նախագիծը կարգավորում է հանրաքվեի անցկացման սկզբունքները, հանրաքվեին մասնակցելու իրավունքի, հանրաքվեի դրվող հարցերի, նախագիծը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի դրվող նախագծի հրապարակման, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, արդյունքների ամփոփման, հանրաքվեի դրված ակտերի ուժի մեջ մտնելու և հանրաքվեի փաստաթղթերը պահպանման հանձնելու հետ կապված հարաբերությունները: Ըստ նրա, նախագիծը սահմանադրական նորմի պահանջ է՝ սահմանադրական օրենք ընդունելու:

Նշենք, որ ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, ՀՀ կառավարությունը, ընտրական իրավունք ունեցող առնվազն 200.000 քաղաքացի: 

Նախագիծը ներկայացվում է ՀՀ Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում քննարկում է նախագիծը և կայացնում որոշում: Նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: 

Եթե ՀՀ Ազգային ժողովը մերժում է ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` 60 օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրական իրավունք ունեցող ևս 300.000 քաղաքացու միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականության հաստատման համար: