Եթե «Ելք» դաշինքի քաղաքական ուժերը չգան համատեղ որոշման, ուժերից յուրաքանչյուրն իր համար որոշում կկայացնի. Նիկոլ Փաշինյան
Այսօր էլ, վաղն էլ, ամռանն էլ, որ պահին մենք հրապարակում ունենանք հարյուր հազարավոր մարդիկ, ես ինքս ինձ համարում եմ երաշխավոր, որ այդ մարդկանց կամքը՝ իշխանափոխություն անելու, կդառնա իրականություն:
Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիական ակտիվիստների հարցերին:
«Նախագահական ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ որքան արագ ակտիվանում է հանրությունը, հետո պարզվում է՝ այդ հանրությունը խորքային չէ: Հիմա վարչապետի ընտրություններ են, կա Սերժ Սարգսյանի հայտարարություն, և կա այդ հայտարարությունը դրժման պրոցես, ՀՀ-ում քանի՞ քաղաքացի կա, որ ասում է՝ ես թույլ չեմ տալիս ինձ «ձեռ առնես» ու խաբես: Հարցը դա է, այս հարցի պատասխանը ինձ տվե՛ք, այս կոնտեքստում Սահմանադրությունն էլ է կեղծ, օրենքն էլ է կեղծ, ամեն ինչ կեղծ է, միակ ոչ կեղծ բանն այն է, թե քանի մարդ կա հրապարակում կանգնած»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր գրավոր դիմել է Ոստիկանության պետին և պահանջել է ներկայացնել, թե որն է այն փաստաթուղթը, որ հիմք է տալիս ասելու, որ 2011 թվականից հետո Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ:
Պատասխանելով ներկաների հարցին՝ պատգամավորը նշեց, որ պետք է ընդունել՝ ընդդիմադիր դաշտում տարաձայնությունները դժվար են հաղթահարվում: «Եթե իշխանության մեջ են տարաձայնությունները, ասում են՝ լավ, բենզինի շուկայի 20 տոկոսը կտանք, այսինքն՝ իշխանության ներսում առևտուր է գնում, ընդդիմության ներսում ո՛չ փող կա, ո՛չ էլ առևտուր: Ընդդիմության դաշտում մարդիկ սովորաբար պրինցիպիալ են»,- ասաց նա:
Քաղաքացիները բարձրաձայնեցին, որ Էդմոն Մարուքյանը հայտարարում է, թե ուշ է Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարել: Ակտիվիստներից մեկը հարցրեց, որ եթե իրենք քաղաքական թիմը որոշի, որ պետք չէ պայքարել, ինքը միայնակ՝ որպես Նիկոլ Փաշինյան, պատրաստ է արդյոք առաջ տանել պայքարը: Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց Էդմոն Մարուքյանի հայտարարությունը և նշեց, որ համաձայն է, թե Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելու լավագույն ժամանակը 2017 թվականի ապրիլի երկուսն է:
«Ես հիասթափված եմ ԱԺ ընտրությունների արդյունքներից. ո՞վ ասաց, որ միայն քաղաքացիներն են հիասթափվում, քաղաքական գործիչներն էլ են հիասթափվում:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի կարծում, որ եթե այդ շանսը բաց է թողնվել, ոչինչ չպետք է արվի: ««Ելք» դաշինքը երեք քաղաքական ուժերից է կազմված, ես հույս ունեմ, որ կգան համատեղ որոշման, եթե չգան հանկարծ համատեղ որոշման, ուժերից յուրաքանչյուրը իր համար որոշում կկայացնի»,-ասաց նա:
Պատասխանելով քաղբանտարկյալների վերաբերյալ հարցին՝ պատգամավորն ասաց, որ կան մարդիկ, ում աներկբա քաղբանտարկյալ են համարում, օրինակ՝ Անդրիաս Ղուկասյանը, Կարո Եղնուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը:
«Մյուս դեպքերում մենք կարծում ենք, որ դատավարությունները վենդետտայի տրամաբանություն են ունենալու, և ոչ մի երաշխիք չկա, որ դրանք լինելու են համակողմանի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է մարտի 10-ին նախատեսված Ազատության հրապարակում «Ի պաշտպանություն քաղբանտարկյալների» հավաքին մասնակցելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հրավերը ստացել են, կքննարկեն և որոշում կկայացնեն:










