Պուտինը պատմել է, թե ինչպես են մշակվել սպառազինության նոր տեսակները

16:43 • 05.03.18

Ռուսաստանի կողմից սպառազինության նոր տեսակների մշակումն իրականացվել է երկար տարիներ և անցել է բարդ պայմաններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մարտի 1-ին (Դաշնային խորհրդին-Tert.am) հղած ուղերձի ժամանակ խոսքը նոր տեխնոլոգիաների և սպառազինության համակարգերի մասին էր, որոնք պետք է պաշտպանեն Ռուսաստանը, ապահովեն ռազմավարական հավասարակշռություն, ինչպես նաև մեծացնեն միջազգային անվտանգությունը»,- ասել է Պուտինը:


Նրա խոսքով՝ ժամանակակից տեխնիկայի վրա աշխատանքին մասնակցել են «հազարավոր մարդիկ, հարյուրավոր գիտական խմբեր, արդյունաբերական ձեռնարկություններ»:


ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանն այդ նախագծերն արդյունավետ կերպով գաղտնի պահելու համար:


«Խնդրում եմ խոչընդոտել օտարերկրյա հետախուզությունների կողմից քաղաքական, տնտեսական և պաշտպանական բնույթի տեղեկություններին հասանելիություն ստանալու փորձերը»,- հավելել է նա:


Հիշեցնենք, որ Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում նախագահ Պուտինը ներկայացրել էր միջուկային էներգահամակարգով հրթիռ, որն անխոցելի է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի համար: Պուտինը նաև հայտնել էր, որ Ռուսաստանն ունի հիպերձայնային զենքեր՝ «Ավանգարդ» և «Կինժալ» համալիրներ, ինչպես նաև միջուկային ինքնակառավարվող սուզանավեր, մարտական լազերներ, բացի այդ՝ սկսվել են նոր միջմայրցամաքային բալիստիկ «Սարմատ» հրթիռների փորձարկումները: