Մինչև ապրիլի 9-ը ՀՅԴ–ը ներքին կարգով կիմանա վարչապետի թեկնածուի անունը. Ա. Ռուստամյան
Մինչև ապրիլի 9-ը ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը ներքին կարգով կիմանա վարչապետի թեկնածուի անունը: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ ճեպազրույցներին հայտարարեց «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա կարծիքով՝ ապրիլի 9-ի մոտ օրերին արդեն վարչապետի թեկնածուի հարցով կոալիցիայում քննարկումներ կլինեն: Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ կոալիցիայի հուշագրով նախատեսված է, որ այդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին, իրենք պետք է ներկայացնեն թեկնածուին, իսկ կոալիցիան իր ներսում պետք է այդ հարցը քննի:
«Մենք, բնական է, ապրիլի 9-ից շուտ չենք հրապարակի թեկնածուի անունը: Կարծում եմ, որ այդպես կլինի, քանի որ կառավարման նոր մոդելը ապրիլի 9-ից կսկսի լիարժեք գործել, և վարչապետի ընտրության հարցն էլ հենց ապրիլի 9-ից հետո է առաջանալու: Այսինքն՝ նոր Սահմանադրությամբ՝ ֆորմալ առումով իր ֆունկցիաներն ունի նաև նոր նախագահը, որը ապրիլի 9-ին է պաշտոնը ստանձնելու»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են քննարկել ցանկացած թեկնածուի անուն, որ կառաջադրի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, դրա առաջադրման իրավունքը պատկանում է այդ կուսակցությանը: Իրենք կքննարկեն կոնկրետ անձի հետ կապված հարցը:
«Մենք հանրապետականների հետ նախապես չենք քննարկելու, թե ում առաջադրեն: Կարծում եմ՝ իրենք ունեն այդ իրավունքը, լիարժեք դա իրենց է վերապահված, նաև մեր կոալիցիոն հուշագրով է այդպես նախատեսված, որ իրենք պետք է քննարկեն իրենց մեջ և առաջադրում կատարեն: Դրանից հետո նոր պարկեշտ կլինի և ճիշտ կլինի տրամաբանորեն, որ «Դաշնակցությունն» իր խոսքն ասի: Մեր կոալիցիոն հուշագրով ընթացակարգն այդպես էլ նախատեսված է, մենք չենք էլ պատրաստվում շեղվել ձեռք բերած նախնական պայմանավորվածություններից»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը 2014թ. հայտարարել էր, թե չի հավակնելու վարչապետի պաշտոնին՝ «ՀՅԴ» խմբակցության ղեկավարն ասաց, որ այդ հարցն ավելի լավ, քան նա, ոչ ոք չի կարող մեկնաբանել:
«Ի տարբերություն բոլոր մնացած քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների՝ երբ «Դաշնակցությունը» գնում էր այս փոփոխություններին, առաջին իսկ պահից չի պայմանավորել սա որևէ անձով: Մենք անգամ այդ ժամանակ բազմիցս կրկնել ենք, որ չենք էլ բացառում, որ նույն Սերժ Սարգսյանը հավակնի կամ առաջադրվի վարչապետի պաշտոնում: Մեզ համար գլխավորն այն է, որ համակարգն այնպես է փոխվում, որ նույն Սերժ Սարգսյանը չի ունենալու այն լիազորությունները, ինչ ունի նախագահ Սերժ Սարգսյանը: Սա էական փոփոխություն է, որ կատարվում է Հայաստանում, որովհետև անձերի փոփոխություն միշտ էլ Հայաստանում տեղի է ունեցել և տեղի է ունենալու՝ անկախ համակարգից: Անձերով պայմանավորել մեր ընթացքը, շատ սխալ տեղ է տանում: Մենք այնպես ենք արել, որ այս համակարգը, ընդհանուր առմամբ, զսպի ցանկացած անձի, որ նա չկարողանա այնքան լիազորություններ ունենալ, որ ամբողջ իշխանությունը կենտրոնացնի իր ձեռքում: Սա մենք երաշխավորում ենք»,-վստահեցրեց Արմեն Ռուստամյանը:
Նրա ձևակերպմամբ՝ թե՛ այս համակարգային փոփոխությունները, թե՛ ընթացքը ցույց կտան, կամաց-կամաց մարդիկ կտեսնեն, որ ամեն մեկն ունի իր առանձին դաշտը, քաղաքականության մեջ և քաղաքական համակարգում կատարվել են լրջագույն փոփոխություններ, նորարարություններն այնքան շատ են, որ ժամանակ է անհրաժեշտ, որ հասարակությունը դրանք ամբողջությամբ յուրացնի. «Այնպես որ, ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում»:










