Խոսրով Հարությունյանն անօրինական պետական օժանդակության դեպք մատնացույց արեց և հաղորդում ներկայացրեց ՏՄՊՊՀ նախագահին (տեսանյութ)
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկմանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն անօրինական պետական օժանդակության մասին, որը խաթարում է մրցակցությունը, հաղորդում ներկայացրեց ՏՄՊՊՀ նախագահին:
Մինչ այդ, նա նկատեց, թե կառավարությունն ընդունում է որոշ ծրագրեր և այդ ծրագրի շրջանակներում առանձին ընկերությունների համար սահմանում ռեժիմներ, ինչը մնացյալի հետ համեմատած, խտրական վերաբերմունք է կամ պետական օժանդակություն: «Արդյոք նման դեպքում Ձեզ հետ պետք է համաձայնեցվի՞»,-հարցրեց Խոսրով Հարությունյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին:
Արտակ Շաբոյանը նշեց, թե պետական օժանդակության ինստիտուտը շատ կարևոր նշանակություն ունի մրցակցության ոլորտում:
«Պետական օժանդակություն ասելով՝ հասկանում ենք, որ պետությունը՝ լինի ՏԻՄ, թե հանրապետական գործադիր մարմին, եթե վարկ, արտոնություն, անհատույց գույք է տալիս կամ փոխառություն և այլն, այդ ամեն ինչը պետական օժանդակություն է, որովհետև այդ ամենը մեկ տնտեսվարողին տալով՝ տվյալ տնտեսվարողն այդ շուկայում մյուսների հանդեպ մրցակցային առավելություն է ստանում: Ամբողջ աշխարհի պրակտիկան հետևյալն է, որ ՏՄՊՊՀ-ն պետք է գնահատական տա պետական օժանդակություններին, այսինքն՝ այդ օժանդակությունը խաթարում է մրցակցությունը, թե ոչ»,-ասաց նա և հավելեց, որ նախատեսել են դրույթներ՝ պատասխանատվության միջոցներ ինչպես տրամադրողի, այնպես էլ ստացողի համար, եթե պետական օժանդակությունը խաթարում է մրցակցությունը:
Խոսրով Հարությունյանը կոնկրետ օրինակ բերեց. «Առողջապահության ոլորտում կան հիվանդանոցներ, որոնց պետպատվերը 3 մլրդ-ից ավելի է, իսկ հիվանդանոցներ կան, որոնք 100 մլն պետպատվեր չեն ստանում, դա ինչպե՞ս է ձևավորվել: Սա հենց Ձեր ասած անօրինական պետական օժանդակության դեպքն է, ուղղակի իմ հայտարարությունը կարող եք ընդունել որպես հաղորդում և զբաղվել այդ հարցով՝ կզարմանաք»,-ասաց նա:
Խոսրով Հարությունյանը հղում կատարեց 2004 թ. կառավարության որոշմանը: «Այդ որոշման համաձայն՝ եթե ես և Դուք ունենք պետպատվեր, ես 100 միավոր, Դուք՝ 800, ես էլ եմ գերակատարում, Դուք էլ՝ նույն տոկոսով, բայց Ձեր թիվն ավելի մեծ է, քան իմը: Երբ որ հունվարի մեկից նորից վերաբաշխում են, Ձեզ տալիս են Ձեր չափով ավելացված, իսկ ինձ՝ իմ, դուրս է գալիս՝ մենք անընդհատ նվազում ենք, Դուք՝ գնալով ավելանում: Շատ պարզ որոշում են կայացրել 2004-ին, ուսումնասիրեք, խնդրում եմ»,-հորդորեց նա:
Արտակ Շաբոյանը որևէ ձևով չարձագանքեց:










