Չինաստանի քաղաքական վերնախավին կարգադրվել է հետևել Սի Ծինփինի մտքին, խոսքին ու քայլերին

14:13 • 05.03.18

Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը Կոմունիստական կուսակցության համաժողովի ժամանակ երկրի քաղաքական վերնախավին կարգադրել է ընդունել երկրի ղեկավար Սի Ծինփինի առաջնային լինելն ու հետևել նրա մտքին, խոսքին ու քայլերին: 

«Մենք մուտք ենք գործում նոր դարաշրջան: Մենք պետք է անվերապահորեն աջակցենք Սի Ծինփինի բռնած դիրքորոշմանը: Միասնականությունը մեզ ավելի հզոր է դարձնում»,-ասել է վարչապետը՝ դիմելով 3.000 կուսակցականներին:

Ինչպես նշում է The Guardian-ը, Լին հիշեցրել է պատվիրակներին, որ նրանք պետք է աջակցեն այն առաջարկներին, որոնք եկող կիրակի քննարկման են դրվելու:

Աղբյուրը մանրամասնում է, որ փետրվարին հայտնի է դարձել, որ 64-ամյա Սի Ծինփինը մտադիր է չեղարկել արգելքը, համաձայն որի՝ միևնույն անձն իրավունք չունի 2 ժամկետից ավելի զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը: Եթե առաջարկն ընդունվի, ապա Սի Ծինփինը կարող է տասնամյակներ շարունակ ղեկավարել աշխարհի ամենահզոր պետություններից մեկը: