Ինֆորմացիա կա, որ էդ դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են. ուշադի՛ր եղեք, որ բուտաֆորիա չդառնա. վարչապետը՝ Առողջապահության փոխնախարարին

19:00 • 06.03.18

Կառավարության այսօրվա նիստին Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր մասնակի կասեցնել հակավարակային միջոցները, այդ թվում` հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը դեղատոմսով վաճառելու որոշումը։ Այսինքն՝ դեղատոմսով վաճառվող 3500 դեղերի դուրսգրումը կիրականացվի փուլ առ փուլ՝ աստիճանական անցման ժամանակացույցով։

Փոխնախարարը նշեց, որ հոգեմետ և հակաբիոտիկ դեղերը դեղատոմսով կվաճառվեն մարտի 1-ից, իսկ հուլիսի 1-ից պարտադիր դեղատոմսի առկայությամբ կվաճառվեն բոլոր ներարկվող դեղերը, իսկ արդեն հոկտեմբերի 1-ից դեղատոմսով կիրացվեն Կառավարության հաստատած 3500 անուն դեղերը։

Նախագծին արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը և նշեց. «Պարո՛ն Մարգարյան, խնդրում եմ՝ ուշադիր լինեք, ինֆորմացիա կա, որ արդեն էդ դեղատոմսերը դեղատների դեմը գրում, տալիս են, և դրա համար լրացուցիչ վճար կա։ Շա՛տ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա դա»:

Ըստ նախագծի հիմնավորման՝ որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում Առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ է դարձել, որ բոլոր դեղատոմսային դեղերի համար դեղատոմսով գնելու կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի նախարարությունը որոշել է մշակել աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը:

Նախարարությունն առաջարկում է դեղատոմսային դեղերի դուրսգրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի  մեղմ անցում, ինչի արդյունքում կնվազեցվի բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը: