ԵԽ նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են, չեմ կարծում, որ մենք կհանդգնենք ԵԽ–ին մեղադրել պակաս ժողովրդավար լինելու մեջ. Գ. Կոստանյան (ուղիղ միացում ԱԺ–ից)
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը հետևել է կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու հետ կապված քննարկումներին և ծանոթ է քննադատություններին: Նա ԱԺ «Կառավարության կառուցվածքի մասին և կից օրենքների փաթեթը» նախագծի քննարկման ժամանակ նկատեց, որ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը բազմաթիվ ժողովրդավարական երկրների օրինակներ է բերել, որտեղ նիստերը դռնփակ են, ինչը, ցավոք, չի բավարարել պատգամավորներին:
«Մի օրինակ էլ ես բերեմ, որը, հուսամ, կբավարարի. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են, չեմ կարծում, որ մենք Եվրոպայի խորհրդին կհանդգնենք մեղադրել պակաս ժողովրդավար լինելու մեջ: Եվրոպայի խորհրդի պառլամենտական վեհաժողովի նիստերը դռնբաց են, որը ԵԽ պառլամենտն է: Ժողովրդավարության խնդիր չկա, ավելին՝ վստահ եմ, որ լավ գիտեք, որ ԵԽ շատ հանձնաժողովների նիստերը դռնփակ են, դռնբաց նիստ անում է բացառապես պառլամենտական վեհաժողովը»,- ասաց Կոստանյանը:
Անդրադառնալով տեսակետին, թե դրույթը, որ նախարարն իրավունք չունի ինքնուրույն խոսել Կառավարության քննարկած օրակարգի մասին, սահմանափակում է նախարարի խոսքի իրավունքը, պատգամավորը հայտարարեց, որ այս որոշումը կամարտահայտության իրավունք չէ: Ըստ նրա՝ նման դրույթով չի սահմանափակվում նախարարի ձայնի իրավունքը կամ ժողովրդավարությունը:
«Սա օրինակ է, որը վերացված է նախարարների կոմիտեից: ԵԽ նախարարների կոմիտեի անդամն իրավունք չունի լուսաբանել նախարարների կոմիտեի ընթացքում քննարկվածը, թե ով ինչ կարծիք ուներ, ինչ քննարկում գնաց: Այսինքն՝ այն սկզբունքները, որոնք մենք ներառել ենք մեր կառավարության գործունեության մեջ, կամայական չեն: Վերցված չէ այս կամ այն երկրի օրինակը, քանի որ կարևորը սկզբունքն է, իսկ մենք գործել են՝ ԵԽ օրինակն աչքի առաջ ունենալով, որն անվիճելի հեղինակություն է»,- ընդգծեց Գևորգ Կոստանյանը:
Գևորգ Կոստանյանը, դիմելով գործընկերներին, հայտարարեց, որ ինքը չգիտի մի միջազգային կազմակերպության գործադիր մարմին, որը նիստերը դռնբաց են անցկացնում, ավելին՝ հորդորեց գտնելու դեպքում իրեն էլ տեղյակ պահել: Նա հույս հայտնեց, որ այս հարցի քննարկումը կփակվի, քանի որ գտնում է, որ որևէ մեկը չի կարող կասկածի տալ դնել ԵԽ-ի ժողովրդավարական կառույց լինելը:
Նա նաև համակարծիք չէ, որ հիմա վարչապետին դարձրել են «սուպեր վարչապետ», հաշվի առնելով նաև այն, որ վարչապետին են ենթարկվելու ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը:
«Տրված իրավունքները ուղիղ համամասնական են պարտականություններին ու պատասխանատվության, որ դրվում է այդ սուբյեկտի վրա: Վարչապետը ստանձնում է քաղաքական պատասխանատվություն Ոստիկանության, որ ԱԱԾ-ի համար, քանի որ իր վրա լուրջ պատասխանատվություն է ստանձնում»,-եզրափակեց Գևորգ Կոստանյանը:










