Շրի Լանկայում 10 օրով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել

15:22 • 06.03.18

Շրի Լանկայի իշխանությունները 10 օրով արտակարգ դրության ռեժիմ են սահմանել կղզում, ինչի պատճառը պետության կենտրոնական շրջանում՝ Տենդենիա քաղաքում, միջէթնիկ բախումներն են:

The Sunday Times-ի հաղորդմամբ՝ արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին որոշումը կայացվել է այսօր՝ կառավարական նիստի ժամանակ:

Նշվում է, որ բախման հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ: Կանդի շրջանում անկարգությունների պատճառով պարետային ժամ է մտցվել:

Շրի Լանկայի Զբոսաշրջության խթանման բյուրոյի գործադիր տնօրեն Սութեաշ Բալասուբրամանիամի խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմն ազդեցություն կունենա զբոսաշրջիկների հոսքի վրա, սակայն այն կլինի աննշան և ոչ երկարատև:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ պաշտոնական հրահանգները կհրապարակվեն ավելի ուշ: