Մամեդյարովի խոսքերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունը ԼՂ կարգավորման հարցում ձախողվել է. Տ. Բալայան

13:04 • 06.03.18

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքերը ցույց են տալիս, որ արդեն իմաստ չկա թաքցնելու, որ Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ձախողվել է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Մամեդյարովի այն խոսքերին, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանին աջակցող երկրները պետք է նույնն անեն նաև այլ կազմակերպություններում:


«Փակ դռների հետևում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նպատակով գործադրվող ճնշման մասին Ադրբեջանի նախագահի խոստովանությունից հետո երեկ Ադրբեջանի արտգործնախարարի կողմից իրականության փաստումը հստակ ցույց է տալիս, որ արդեն իմաստ չկա թաքցնելու ակնհայտը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի քաղաքականության ձախողումը»,- գրել է Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում:


Նշենք, որ Մամեդյարովը հայտարարել է, որ հարկավոր է Իսլամական համագործակցության կազմակերպությունը և դրա գործունեությունը կառուցել համերաշխության և բանաձևերի իրականացման հիմքի վրա:


«Օրինակ՝ որոշ երկրներ, որոնք աջակցում են Ադրբեջանին Իսլամական համագործակցության կազմակերպությունում, նույնը չեն անում այլ կազմակերպություններում: Մենք պետք է համերաշխ լինենք»,- ասել է Մամեդյարովը՝ նշելով, որ մայիսին կանցկացվի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների համաժողով: