Նախկինում կառավարության նիստերն ավելի բանավիճային ու բուռն էին, քան հիմա. Դավիթ Հարությունյան (ուղիղ միացում ԱԺ–ից)
ԱԺ-ում քննարկվում է Կառավարության կառուցվածքի մասին և կից օրենքների փաթեթը, որի հիմնական զեկուցողն Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն է: Վերջինիս հարցեր ուներ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ կապված կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու հետ: Նա հետաքրքրվեց, թե նման որոշումն ի՞նչ նպատակն է հետապնդում:
«Միայն չասեք, թե ժողովրդավարություն կամ բանավեճ է ենթադրում, և այդ տրամաբանությամբ ԱԺ նիստերն էլ փակենք»,- շարունակեց Թանդիլյանը:
Նախարարն էլ, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց. «Էական տարբերություն կա օրենսդիր ու գործադիր մարմինների միջև։ Գործադիրն աշխատում է կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով, դրանով է պայմանավորված դռնփակությունը։ Ու դա ժողովրդավարական է դիտվում գործադիրի դեպքում՝ ի տարբերություն ԱԺ-ի, որի դեպքում հակաժողովրդավարական կլիներ»:
Պատգամավորը նաև հարցրեց, թե ի՞նչ տրամաբանությամբ է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանվել, իսկ Սփյուռքի նախարարությունը մնացել. «Արդյոք արտաքին քաղաքականության հարցում Սփյուռքի նախարարության դերն ավելի մե՞ծ է»,- նշեց պատգամավորը։
Դավիթ Հարությունյանն էլ ընդգծեց, որ այդ որոշումը կապված է քաղաքական նպատակահարմարությունից, քանի որ կառավարությունն իր աշխատանքն ավելի արդյունավետ է համարում այդ եղանակով. «Նախարարությունների կազմի փոփոխությունը քաղաքական նպատակահարմարության խնդիր է` պայմանավորված նրանով, թե ինչպես է կառավարությունը պատկերացնում իր աշխատանքը` առավել արդյունավետ կազմակերպելու իմաստով: Իհարկե, Սփյուռքի նախարարությունը կարելի է նաև միավորել, բայց այս պահին կառուցվածքային հենց այս մոդելն է նպատակահարմար»։
Սակայն Մանե Թանդիլյանը որոշեց արձագանքել կառավարության անդամին՝ նկատելով, որ կոլեկտիվ պատասխանատվությունը մինչ կառավարության նիստն է ձևավորվում, մինչդեռ նիստերը դռնփակ դարձնելով, լուսաբանման թափանցիկությունն ու ԶԼՄ-ների աշխատանքն է սահմանափակվում:
Դավիթ Հարությունյան էլ հավելեց, թե նախկինում կառավարության նիստերն ավելի բանավիճային ու բուռն էին, քան հիմա:
Նախագծի հիմնական զեկուցողին հարցեր ուներ նաև ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Նա խոսեց արարողակարգային ծառայության մասին և հարցադրում արեց, թե արդյոք այս դեպքում արդեն ԱԺ արարողակարգային ծառայությունը չպետք է լուծարվի:
«Մյուս հարցս՝ եթե վարչապետը դավաճանություն անի, այս դեպքում ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը, որոնք ենթակա են վարչապետին, ինչպե՞ս են վարվելու»,- հարցրեց Գևորգ Գորգիսյանը:
Արդարադատության նախարարն էլ պատասխանեց. «Ինչ վերաբերում է առաջին հարցին՝ իրավացի եք, այո՛, դա իմ բացթողումն է, պետք է փոփոխության ենթարկվի ԱԺ-ի այդ հատվածն ու լուծարվի։ Իսկ ինչ վերաբերում է վարչապետի դավաճանությանը, ապա ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը ծառայություն են, ինքնուրույն են, չեն մասնակցում քաղաքական որոշումներին»:










