Շվեյցարիան պատրաստ է, իրեն դիմելու պարագայում, աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին․ դեսպանատուն
Շվեյցարիան ի գիտություն է ընդունում այն փաստը, որ 2009թ. ստորագրված արձանագրությունները չեն վավերացվել Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից, և գործընթացը պաշտոնապես կանգ է առել․ Tert.am-ի հարցմանը, թե ինչպե՞ս է Շվեյցարիան ընդունում Հայաստանի որոշումը՝ հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ ճանաչելու վերաբերյալ, այսպես են պատասխանել ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատնից:
«Սակայն 2009-ից ի վեր երկու հասարակությունների մոտ բարձրացել է իրազեկվածությունը՝ կապված հարաբերությունների կարգավորման հետ: Արձանագրությունների ստորագրումից մինչ այս պահը բազմաթիվ շփումներ են եղել նաև ոչ պաշտոնական մակարդակներում՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների, լրագրողների, քաղաքացիական հասարակությունների, գիտական շրջանակների միջև՝ քննարկելու պատմաբանների հանձնաժողովի ստեղծման, դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման և սահմանների բացման հարցը: Շվեյցարիան մնում է այն համոզմունքին, որ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը կարևոր միջոց են տարածաշրջանում կայունություն և խաղաղ ապագա ապահովելու համար: Շվեյցարիան պատրաստ է դիմելու պարագայում իր աջակցությունը ցուցաբերել այս գործընթացին»,- նշված է պատասխանում:
Հիշեցնենք, որ 2008 թվականի աշնանը ՀՀ նախագահի՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարները ստորագրեցին արձանագրություններ: Շվեյցարիան այս գործընթացում համարվում էր կողմերի միջև միջնորդ երկիր:
Նշենք, որ այս տարի մարտի մեկին նախագահ Սերժ Սարգսյանն «առոչինչ» ճանաչեց այդ արձանագրությունները՝ հավատարիմ մնալով դեռ սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում արած իր հայտարարությանը, թե 2018 թվականի գարունը Հայաստանը դիմավորելու է առանց հայ-թուրքական «սին արձանագրությունների»:










