Կիմ Չեն Ընը ցանկանում է «նոր պատմություն» կերտել Հրվ. Կորեայի հետ

10:51 • 06.03.18

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բանակցությունների նպատակով Հարավային Կորեայից ժամանած բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վճռականորեն կողմ է բանակցությունների առաջխաղացմանը, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ 2011թ. Կիմ Չեն Ընի՝ իշխանության գալուց ի վեր սա առաջին նման բարձրաստիճան բանակցությունն է Սեուլի հետ:

Հանդիպման ընթացքում հյուսիսկորեացի առաջնորդը նշել է, որ լիահույս է ազգային վերամիավորման գործում նոր պատմություն կերտելու հարցում:

Հայտնի է, որ հարավկորեական պատվիրակությունը, որը գլխավորել է երկրի ազգային անվտանգության գրասենյակի ղեկավարը, Փհենյանում 2 օր է անցկացրել: Կիմ Չեն Ընի և պատվիրակության համատեղ լուսանկարը տարածվել է տեղական բոլոր լրատվամիջոցներում:

Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ընը Կորեական թերակղզում ստեղծված ռազմական լարվածությունը նվազեցնելու, երկխոսության գործընթացը, շփումները, համագործակցությունն ու փոխանակման պրակտիկան ակտիվացնելու ցանկություն է հայտնել:

Աղբյուրը հիշեցնում է, որ Հյուսիսային ու Հարավային Կորեաները 1950-1953թթ. տևած պատերազմի ավարտից հետո տեխնիկապես շարունակում են դեռևս պատերազմի մեջ լինել: Հարավային Կորեայի նախագահը վերջերս հրապարակայնորեն Փհենյան այցելելու և Կիմ Չեն Ընի հետ բանակցելու ցանկություն էր հայտնել։