Հս. Կորեան հայտնել է միջուկային զենքից հրաժարվելու պայմանը. Reuters

17:29 • 06.03.18

Հյուսիսային Կորեան հայտնել է, որ կարող է հրաժարվել իր միջուկային ծրագրից այն դեպքում, եթե ապահովվի երկրի անվտանգությունն արտաքին սպառնալիքներից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Գործակալության հաղորդմամբ՝ այս տարվա ապրիլի վերջին Հյուսիսային և Հարավային Կորեաները կանցկացնեն ավելի քան 10 տարվա մեջ առաջին միջկորեական գագաթնաժողովը:

Նշվում է, որ այս պայմանավորվածությանը նրանք եկել են Փհենյան Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհրդի պատվիրակության այցի ընթացքում:

Փհենյանը նաև պատրաստ է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ ու քննարկել թերակղզու ապամիջուկայնացման հարցը: Այս մասին ասել է հարավկորեական պատվիրակության ղեկավար Չհուն Ը Յոնը՝ Հյուսիսային Կորեայից վերադառնալուց հետո:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջարկել էր Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին մոտ ապագայում այցելել Փհենյան։ Հրավերը փոխանցել է Ձմեռային օլիմպիական խաղերի առթիվ Հրվ. Կորեա այցելած Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը: