Օհանավանցիները փակել են ճանապարհը. նրանք չեն կարողանում միրգ արտահանել Ռուսաստան
Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչները փակել են դեպի Օհանավան տանող ճանապարհը` հայտարարելով, որ չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան:
Նրանք նշում են, որ իրենց արտադրանքը՝ խնձորը, սահմանին համարել են թուրքական, հետո՝ պարսկական, իսկ հետո էլ նշել են, թե պիտակը չկա: «Կարկուտը խփած ապրանքը, ասում են, թուրքական է»,- ասում են գյուղացիները:
Նրանցից մեկը նշեց, որ մարզպետը զանգել է վարչապետին, և վարչապետը հանձնարարել է լուծում տալ, սակայն շատերը թերահավատ էին՝ ասելով, որ նույնիսկ նախարարները հայտարարել են, թե այդ հարցն իրենց ուժերից վեր է:
«Համապատասխան մարդկանց կանչեք, թող գան, համապատասխան լուծում տան, մենք էլ ճանապարհը կբացենք»,-ասաց գյուղացիներից մեկը:
Նշվեց նաև, որ ոստիկանապետն անձամբ է խոսել վարչապետի հետ, վերջինս նշել է, որ տեղյակ է խնդրից և կապվել է Ռուսաստանի գործընկերներ հետ: «Վարչապետն անձամբ այս հարցով բանակցությունների մեջ է»,-ասաց նա:
Գյուղապետը համոզում էր բնակիչներին ճանապարհը բացել, մինչ ինքը պատկան մարմիններից մարդիկ կկանչի:
Գյուղացիները նշեցին, որ 11 օր է՝ իրենց մեքենաները կանգնած են: «Ասում են՝ բանանի արկղով ինչի՞ եք բերել։ 6 ամիս է՝ բանանի արկղով է այդ խնձորը գնում»,- ասաց գյուղացիներից մեկը:
Նրանց կարծիքով` կոնկրետ ասված է, որ հայկական ապրանքը Ռուսաստան չներկրվի: «Լարսն էլ փակ է, ձյուն է, հետ գալու ճանապարհ էլ չկա, ծուղակի մեջ ենք, ամեն մեքենան՝ 20 հազար դոլար, նեխում է. դա գյուղացիների փողն է»,- հայտարարում էին գյուղացիները:










