Եթե իրանական միջուկային գործարքը չվերանայվի, ԱՄՆ-ն անմիջապես դուրս կգա դրանից. Փենս
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ եթե իրանական միջուկային գործարքը չվերանայվի, ԱՄՆ-ն անմիջապես դուրս կգա դրանից: Այդ մասին նա հայտարարել է՝ խոսելով Ամերիկա-իսրայելական հասարակական հարցերի հանձնաժողովում, հայտնում է The Times of Israel-ը:
«ԱՄՆ-ն երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Եթե իրանական միջուկային գործարքը չվերանայվի առաջիկա ամիսներին՝ ԱՄՆ-ն անմիջապես դուրս կգա դրանից»,- ասել է Փենսը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ նոր պատժամիջոցներ չի սահմանել Թեհրանի դեմ՝ երկրին միջուկային գործարքում տարաձայնությունները կարգավորելու հնարավորություն ընձեռելով:
Հիշեցնենք, որ տվյալ համաձայնագիրը կնքվել էր դեռևս ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, 2015 թվականի ամռանը, մինչդեռ Դոնալդ Թրամփն իշխանության գալուց ի վեր պարբերաբար սպառնում է չեղարկել փաստաթուղթը՝ պնդելով, որ համաձայնագիրը չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին, ինչպես նաև սողանցք է թողնում Իրանի համար հրթիռային ծրագիրը զարգացնելու հարցում:










